Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին հրապարակային ներողություն խնդրել Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին որոշում է կայացրել` պարտավորեցնելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը Արսեն Թորոսյանից հայց էր ներկայացրել եւ պահանջում էր հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Արա Մինասյանը պահանջել էր նաեւ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթեր դուրս գալու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եղանակով, անհնարինության դեպքում՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:
Դատարանի վճռով նախատեսվում է նաեւ Արսեն Թորոսյանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: