ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե նա կլասը քցի. «Իմ քայլը»-ի պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ելույթ ունենալու համար ամբիոնին մոտեցավ ձեռքին բաժակով մածուն: Նա անդրադարձավ ԱԺ երեկվա նիստին բուհերը քաղաքականացնելու վերաբերյալ Էդմոն Մարուքյան-Հովհաննես Հովհաննիսյան բուռն բանավեճին: «Բարձր ստանդարտներից, շահերի բախումից է խոսում պարոն Մարուքյանը, բայց այդպես էլ չասեց՝ թեկնածուներից որեւէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՞ չէ: Ես երկուսի հետ էլ որեւէ անձնական կապ չունեմ»,-ասաց նա։ Դանիելյանն անդրադարձավ նաեւ Մարուքյանի հայտարարությանը, թե ՍԴ դատավորի ընտրության քվեարկության ժամանակ քվեաթերթիկի վրա «Չակ Նորիս» գրողը «Իմ քայլից» է եղել. «Դուք երաշխիք ունե՞ք, որ «իմքայլական» է եղել գրողը: Փակ գաղտնի քվեարկություն է եղել: Երաշխիք ունե՞ք, որ ձեր խմբակցությունից որեւէ մեկը դա չի արել, կամ դուք չեք արել՝ հետո շոու սարքելու համար: Սա ի՞նչ մոտեցում է»: «Իմ քայլի» պատգամավորը նաեւ հիշեցրեց երկու օր առաջ այս ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթը, ով ասում էր, որ պետք է ժամանակ չվատնենք, կառուցողական լինենք, կամուրջներ կառուցենք։ «Կամուրջներ ինչպե՞ս կառուցես այն մարդկանց հետ, ում խոսքը հավասարվում է ջրի: Ջրի վրա կամուրջ չեն կառուցում»,-ասաց նա եւ եւս մեկ անգամ կոչ արեց, մնալ կառուցողականության եւ փաստերի շրջանակներում։ «Ի վերջո՝ ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը քցի եւ կլասը վերանա, տակը ի՞նչ կմնա»,-ասաց նա եւ բացատեց, թե ինչու է ամբիոնին մոտեցել մեկ բաժակ մածունով։ «Քանի որ դուք սիրում եք փերֆորմասներ, կոստյում եւ այլն, ես սրանով ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»,-ընդգծեց նա։ Տեսանյութը` News am-ի:

Պատահարներ