Ռազմական

Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ

Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ

Ֆրանսիայի զինված ուժերն ուսումնասիրում են արհեստական բանականության կիրառմամբ և զինվորականների փոքր խմբի կողմից համակարգվող ռոբոտների ստորաբաժանում ստեղծելու հնարավորությունները։


«Պենդրագոն» նախագծի շրջանակներում նախատեսվում է զինվորների վաշտը փոխարինել անօդաչու թռչող սարքերի հետ փոխկապակցված ռոբոտներով։ Համապատասխան փորձարկումներն այժմ անցկացվում են Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Մորբիան դեպարտամենտի աղբավայրում (փորձադաշտում)։ Դրանց ընթացքում շուրջ մեկ տասնյակ ցամաքային ռոբոտներ, մոտ 60 անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, պետք է կատարեն առաջադրանքներ, որոնք սովորաբար հանձնարարվում են հետևակային ստորաբաժանումներին։ «120-130 զինվորի վտանգի ենթարկելու փոխարեն մենք կներգրավենք մեր ռոբոտներն ու անօդաչու սարքերը, որոնք հեռակառավարվելու և համակարգվելու են թիկունքում գտնվող մոտ 15 զինվորի կողմից»,- հայտարարել է նախագծի մարտավարական իրականացման համար պատասխանատու փոխգնդապետ Քրիստոֆը։


Այս նախագծի շրջանակներում ստեղծվող ցամաքային ռոբոտները կշռում են երկուսից երեք տոննա և շարժվում են ներքին այրման շարժիչի հաշվին։ Զինամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների տեղափոխումից բացի, դրանք նախատեսվում է օգտագործել նաև այլ առաջադրանքների համար՝ հագեցնելով գնդացիրներով կամ ջերմային ուղղորդմամբ հրթիռներով։ Անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են ինչպես թռիչքի մեծ տևողությամբ հետախուզական, այնպես էլ պայթուցիկով հագեցած հարվածային նպատակներով։ Դրանք բոլորը կառավարվելու են «Ց2 Պենդրագոն» արհեստական բանականության օգնությամբ, որի մեջ ներբեռնվելու են սպաների հրահանգները։


«Չնայած ֆրանսիական բանակը հայտարարում է, որ չի ցանկանում օգտագործել ինքնավար մահաբեր զենքի համակարգեր՝ այսպես կոչված «ռոբոտ-մարդասպաններ», այն իրեն թույլ է տալիս մշակել մահաբեր զենքի համակարգեր՝ ինքնավարության տարրերով»,- նշում է ամսագիրը։


Ռոբոտացված ստորաբաժանման պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է հաջորդ տարի։ Սակայն մասնագետները խոստովանում են, որ իրականում կարող է ևս մի քանի տարի պահանջվել դրա կիրառման հայեցակարգի մշակման և հաստատման համար։ Բացի այդ, քննարկվում է արտադրության էժանացման հարցը, որպեսզի մեկ ստորաբաժանման արժեքը չգերազանցի 10 միլիոն եվրոն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250