ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարգելի Նիկոլ Վովայի. Նազարբաևը` Փաշինյանին
Ղազախստանի ու Հայաստանի միջեւ երբեւէ որեւէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Այս մասին աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Ողջունելով Հայաստանի վարչապետին Ղազախստանի Հանրապետությունում` Նուրսուլթան Նազարբաեւը նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին: Ղազախստանի ու Հայաստանի միջեւ երբեւէ որեւէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջեւ առեւտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել:
Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին եւ տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր: 1989 թվականին ես ընտրվեցի Ղազախստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ես կառավարության ներկայացուցիչ էի: Այդ պատճառով շատ եմ աշխատել, շատ բան եմ տեսել, ողջ Ղազախստանն է ինձ ճանաչում, եւ անկախության վերջին տարիներին մենք շատ բան կարողացանք անել` փաստացիորեն բարձրացնել Ղազախստանի վարկը, երկիրը հայտնի դարձնել ամբողջ աշխարհին: Եվ ես համարեցի, որ եկել է ղեկավարի պաշտոնը հանգիստ փոխանցելու ժամանակը: Միեւնույն ժամանակ, շարունակում եմ աշխատել: Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը 30 տարի ինձ հետ աշխատում է, ես նրան գիտեմ, շատ պատրաստված եւ կիրթ անձնավորություն է: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես եւ մինչ այդ էին»:
Շնորհակալություն հայտնելով Նուրսուլթան Նազարբաեւին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Նուրսուլթան Աբիշի: Իհարկե, ուրախ եմ Ձեզ տեսնել եւ այցելել Ձեր երկիր, որի մայրաքաղաքը Դուք եք կառուցել: Դուք քաղաքական առաջնորդ եք, ով մի ամբողջ ժամանակաշրջան է խորհրդանշում: Դուք հիշատակեցիք, որ դեռեւս խորհրդային տարիներին Ղազախստանի առաջնորդն էիք: Դուք առաջիններից էիք ղեկավարներից, ով ստորագրեց Բելովեժյան համաձայնագիրը, դրանից հետո Դուք մասնակցություն ունեցաք ԱՊՀ ստեղծման գործընթացին, ապա ակտիվ մասնակցություն եք ունեցել ՀԱՊԿ ստեղծման գործում: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ անդամ եւ ՀԱՊԿ հիմնադիր անդամ: Բոլորին քաջ հայտնի է, որ Դուք առաջարկեցիք եվրասիական ինտեգրացիայի գաղափարը: Այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը եւ ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի 5-ամյակը: Իհարկե, մենք մեծ հուզմունքով ենք հետեւում իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ղազախստանում, եւ այն մեծ քաղաքական փոփոխություններին, որոնք Դուք նախաձեռնել եք:
Մենք համոզված ենք, որ այն, ինչ Դուք նախաձեռնել եք, արվում է ի շահ Ղազախստանի եւ ղազախ ժողովրդի: Իհարկե, Սահմանադրությամբ Դուք շարունակում եք մնալ ազգի առաջնորդը, եւ Անվտանգության խորհրդի նախագահը: Դուք կշարունակեք ակտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ում, եւ վաղը մենք այդ մասին համապատասխան որոշում կընդունենք: Ի սկզբանե ես պաշտպանում էի այդ գաղափարը, եւ վստահ եմ, որ Ղազախստանի նոր նախագահի հետ մենք կունենանք նույնպիսի ջերմ եւ կառուցողական հարաբերություններ: Այո, մեր երկրների միջեւ առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, ցավոք, տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Կարծում եմ, որ հիմա կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու, քանի որ 21-րդ դարում ստեղծվում են նոր հնարավորություններ: Եվ կարեւոր է, որ մենք, մեր երկրները, մեր ժողովուրդները եւ կառավարությունները քաղական կամք ունեն` զարգացնելու մեր հարաբերությունները, որովհետեւ մենք խորհրդային ժամանակներում կապված ենք եղել որպես ժողովուրդներ եւ Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մասնակցել ենք հետխորհրդային տարածաշրջանում համատեղ բոլոր նախագծերին: Մենք շատ ջերմ, լավ հարաբերություններ ունենք, դրանում Ձեր անձնական ավանդը շատ մեծ է, եւ հուսով եմ ու վստահ եմ, որ այդ ոգին այսուհետ եւս կշարունակվի»:
Նիկոլ Փաշինյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարեւորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: