Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը դիմել է դատախազություն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է դատախազություն՝ սպորտի փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: «Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: 14.05.2019 թվականին դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»,- գրել է Գևորգյանը: Ավելի վաղ ՀԲՖ նախագահը հայտարարել էր, որ սպորտի և երիտասարդության նախարարության ապօրինությունը մասամբ վերացվել է և որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է: Հիշեցնենք, որ 2018 թ. օգոստոսի 2-ին Արթուր Գևորգյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Գևորգյանն առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվել է 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: 2013 թ. նոյեմբերից նա զբաղեցնում է ՀԲՖ նախագահի պաշտոնը: Ավելի ուշ տարաձայնություններ էին առաջացել, որոշ բռնցքամարտիկներ, մարզիչներ հայտարարել էին, որ տվյալ ընտրություններն անցկացվել են խախտումներով, իսկ Օլիմպիական կոմիտեն սառեցրել էր Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին:

Պատահարներ