Ապամոնտաժումից հետո նախկին թաղապետի որդու սրճարանի տարածքը տրվել է ՔՈ-ի հիմնադիր-անդամին. Tert am
Քաղաքացի Կարեն Գրիգորյանից Tert. am-ը նամակ է ստացել, որտեղ քաղաքացին ահազանգում է՝ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան կառուցելու արտոնություն է տրվել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին: Քաղաքացին նաև իրականացվող շինարարության լուսանկարներն է փոխանցել: Նամակը և լուսանկարները ներկայացնում ենք ամբողջությամբ: «Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն ըստ խոսակցությունների պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն: Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանը ապամոնտաժվեց և որևէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել: Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն և շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են: Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է: Հենց այս նոտայի վրա էլ ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետևանքային շղթան: Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց ՔՈ անդամները, ովքեր իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով՝ թեկուզև անհեթեթ, բայց և այնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել: Փաստերը համադրելով՝ կարելի այս ամենից հետևություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլատվությունն հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին փոթորիկ մեկ բաժակ ջրում սկզբունքով ակտիվացել են ՔՈ անդամները: Ինչպես ասում են կրկեսը շարունակվում է: Առայժմ այսքանը»:

Քաղաքականություն

Պատահարներ