Դիմումները պատռեք, թափեք․ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտի» աշխատակիցներին
16 տարի միշտ հարգել, լսել եմ և ձեր ցանկացած բարձրացրած խնդրին լուծում եմ տվել, «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ծառուկյանը լիարժեք տիրապետում է խնդրին և դրա լուծմանը։ Երբ Իրանում ցեմենտի գործարան չկար, իրենց մեքենաները օրերով կանգնում էին, որ մեզանից ցեմենտ տանեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք, տարեկան 7-10 մեքենա ենք նվիրել աշխատողներին, նույնիսկ կոմունիստների ժամանակ այդպիսի բան չի եղել։ Գնահատել ենք աշխատողներին», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո պետք է խոստումները իրականան, որ ժողովուրդը ավելի նպաստավոր պայմաններում ապրի: «Ես զրոյից կայացած մարդ եմ: Ես հասկանում եմ, որ հարկավոր է տնտեսական հեղափոխություն կատարել, բայց ոչ թե խոսքով, այլ գործով, որ լիարժեք բոլոր ոլորտներին գումարներ տրամադրեն»,- ասաց նա:
Ծառուկյանը ընդգծեց՝ դեմ է եղել կրճատումներին․ «Իսկ Ազգային ժողովում հանձնաժողովն առաջարկում է՝ թող 400 կամ 1000 ընտանիք էլ անգործ մնա, բայց ոնց կարելի է այդպես։ Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ քայլ կատարեն, մարդկանց մատից փուշ հանեն, հնարավորություն տան, որ մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել։ Հիմա Իրանից ավելի էժան ցեմենտ է գալիս։ Նախորդ կառավարության ժամանակ 200 դոլար տուրք էին դրել, «յոլա» ենք գնացել, խնդիր չկար, հետո նոր իշխանությունը եկավ, տեղյակ չի խնդրից, տուրքը հանեցին։ Հիմա ասում են՝ թող կլինկերը տուրք չվճարի, ցեմենտի գումարը վճարի։ Մենք էլ ասում ենք՝ եթե այդպիսի որոշում ես ընդունել, ուրեմն մենք էլ կլինկեր կբերենք, որ գործարանը չխորտակվի։ Ես նեղացած եմ հանձնաժողովից՝ ինչու եք ամեն ինչ թողնում Ծառուկյանի վրա, այս երկրում մի հատ Ծառուկյան կա՞։ Ես բարկացած եմ եղել, ձեզ դիմումներ եմ տվել», - ասաց Ծառուկյանը։
Նա ասաց, որ վաղն էլ խորհրդարանում բարձրացնելու է այս հարցը։
«Ինչ գրած է ձեր դիմումներում, բոլորը պատռեք, թափեք», - ասաց Ծառուկյանը ցեմենտի գործարանի աշխատակիցներին։