Քաղաքականություն

Որ դեպքում Արցախը թույլ կտա կալանավորված ադրբեջանցիների հարազատների այցերը. Դ. Բաբայան

Որ դեպքում Արցախը թույլ կտա կալանավորված ադրբեջանցիների հարազատների այցերը. Դ. Բաբայան
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Tert. am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը, եթե դա կլինի փոխադարձ համաձայնությամբ, և այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին էլ կարող են այցելել իրենց հարազատները: «Առհասարակ մեր երկիրը ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր է, մենք ունենք ընդամենը երկու Ադրբեջանի քաղաքացի, ովքեր Արցախում են գտնվում, երկուսն էլ ահաբեկիչներ են և հանցագործներ, և այդ հանցագործությունները բացահայտվել են բաց, թափանցիկ դատավարության միջոցով, որին ներկա էին միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Մենք նույնիսկ այս կատեգորիայի մարդկանց չենք զրկել մարդու հիմնարար իրավունքներից, այսինքն՝ նրանք շփվում են իրենց բարեկամների հետ սահմանված կարգի համաձայն` «սկայպի», համացանցի միջոցով, նրանց այցելում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ»,-ասաց նա և նշեց, որ եթե նրանք ունենում են առողջական խնդիրներ, նրանց համապատասխան բժշկական սպասարկում է իրականացվում: Նա նշեց, որ սա մարդասիրական մոտեցում է, և չպետք է հավասարվենք այդ հանցագործների հետ և այդ մարդկանց տանջամահ անենք, այն, ինչ լինում է Ադրբեջանում: «Սա պետք է լինի փոխադարձ, քանի որ նաև մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները Ադրբեջանում պահվում են, որոնք որևէ բան չեն արել, պարզապես մոլորվել են Ադրբեջանի տարածք և տեսել ենք, թե ինչ վերաբերմունքի են արժանացել: Չի բացառվում, որ Ադրբեջանը խոչընդոտի այդ ամենը, չի կարող այնպես լինել, որ միայն ադրբեջանցիների հարազատները կարողանան այցելել, իսկ մեր հարազատները չկարողանան այցելել այնտեղ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե նման բան երբևէ եղել է, Դավիթ Բաբայանը նշեց, որ եղել է ԶԼՄ-ների փոխադարձ այցելություն, պատերազմի ժամանակ եղել են փոխանակումներ, բայց սա շատ բարդ խնդիր է, և հատկապես Ադրբեջանի կողմից միշտ տեսել ենք վայրագություններ: «Դա միակողմանի չի կարող լինել, քանի սա ոչ թե արդեն մարդասիրական հարց է, այլ քաղաքականություն»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250