Պաշտպանության նախարարությունըՙ շարքայինի և կապիտանի միջև վեճի մասին. Tert am
Շարքային կազմի պարտադիր զինծառայող Նարեկ Գրիգորյանը, որպես զորակոչիկ, սահմանված կարգով անցել է առողջական վիճակի հետազոտություն­ և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, համաձայն ՀՀ կառա­վարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման 7-րդ հողվածի «զ» կետի պահանջների, ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, որի հիման վրա զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Այս մասին Tert. am-ի հարցին ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք, որ բանակում դաժան ծեծի են ենթարկել զինծառայող Նարեկ Գրիգորյանին, ում ծառայության են տարել առանց այն էլ առողջական բազմաթիվ խնդիրներով: Ըստ տեղեկության` զինծառայողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, բանակ զորակոչվել է հունվարի 24-ին, իսկ արդեն փետրվարի 10-ից 19-ը գտնվել է Կանազի հոգեբուժարանում, ապա 15 օր Մուրացանի նյարդաբանական բաժանմունքում է անցկացրել, դրանից հետո բուժումը շարունակվել է Սիսիանի հոսպիտալում, որտեղ բուժման փոխարեն ծեծի է արժանացել: Զինվորի և կապիտան Արտակ Աղաբեկյանի միջև վեճ է առաջացել «շարքում ուղիղ չկանգնելու և վարատնիկի անփութության» համար: Կապիտանը զինվորին նախ ձեռք է առել, ապտակել, այնուհետև հարվածներ հասցրել կրծքավանդակի, գլխի հատվածում, մինչ այժմ զինվորի վրա կան կապտուկներ, իսկ մարմնի ձախ հատվածը ամբողջ երկայնքով թուլացած է: Գրավոր ուղղված հարցին, թե արդյոք հարուցվել է նշված դեպքով քրեական գործ, և եթե այո` ինչ հատկանիշներով, նախարարությունից պատասխանել են. «Ինչ վերաբերում է զինվորական հոսպիտալում 10.03.2019թ-ին տեղի ունե­ցած միջադեպին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Քաղաքականություն