![ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Վանդալիզմ՝ Ախալքալաքի հայկական վանքում](https://auroranews.am/storage/img/base_image/old/597a3047369bd9c6b45e7d4e197192dc.webp)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Վանդալիզմ՝ Ախալքալաքի հայկական վանքում
![ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Վանդալիզմ՝ Ախալքալաքի հայկական վանքում](https://auroranews.am/storage/img/base_image/old/597a3047369bd9c6b45e7d4e197192dc.webp)
Անհայտ անձինք ավիրածություններ են արել Ախալքալաքի հայկական վանքում, որը հայտնի է նաև Ճգնավորի եկեղեցի անունով:Ինչպես հայտնում է տեղական Jnews կայքը՝ տեղի ունեցածը նկատել են ուխտավոր երիտասարդները։
«Առավոտյան, երբ եկանք վանք, տեսանք` ամեն ինչ կոտրտված ու ցաքուցրիվ էր եղած: Անհայտ մարդիկ մտել են մատուռ, ջարդել, փչացրել են սրբապատկերները: Վանքը մեր սրբությունն է, մարդիկ այստեղ գալիս են ուխտագնացության, մոմեր են վառում, թողնում են սրբապատկերներ: Անհայտ մարդիկ պղծել են մեր սրբությունը: Չգիտենք` ինչ պիտի անենք»,-ասել է տեսածից տարակուսած երիտասարդներից մեկը:
Տեղի բնակչությունն իշխանություններից պահանջում է հետաքննել վանդալիզմի փաստը: Նրանք հայտարարում են, որ ցնցված են տեղի ունեցածից, քանի որ տարածաշրջանում կրոնական մոտիվներով երբեք սկանդալ չի եղել: Տեղաբնակների հայտարարությամբ, եթե այս գործը քննության չդրվի, իրավիճակը տարածաշրջանում կարող է սրվել:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Մշակութային ժառանգության վնասում կամ ոչնչացում» հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ պատիժ մինչև երկու տարի ժամկետով: