Պաշտպանը պնդում է` կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի մոտ ոչ թե 2500, այլ 2400 դոլար է եղել
Մարտի 27-ին ձերբակալված դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքիք 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:
«Հետք»-ը զրուցել է դատավորի պաշտպան Կրոմվել Գրիգոյանի հետ:
Ստորև ներկայացնում ենք լրատվականի հարցազրույցից հատված.
-Պարո՛ն Գրիգորյան, Գագիկ Հեբոյանին բերման ենթարկելիս ԱԱԾ աշխատակիցների վերաբերմունքը նրա նկատմամբ նորմա՞լ է եղել, դժգոհություն չի՞ հայտնել:
-Նորմալ է եղել վերաբերմունքը, մեքենան կանգնեցրել են ու անձնական խուզարկությամբ հայտնաբերել գումար:
-Մեղադրյալի կարգավիճակում Հեբոյանը ցուցմունք տվե՞լ է: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված գումարի չափը եղել է 2500 ԱՄՆ դոլար գումար: Այս հանգամանքը ճի՞շտ է:
- Նրա մոտ 2400 ԱՄՆ դոլար գումար է եղել: Այո՛, մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք տվել է: Ըստ Գագիկ Հեբոյանի ասածի՝ դա փաստաբան Վահագն Դանիելյանի կողմից իրեն տրված պարտքի մի մասն է եղել:
-Ըստ դատավորի` որքա՞ն գումար է իրեն պարտք եղել փաստաբան Վահագն Դանիելյանը: Ի՞նչ հանգամանքներում է գումար տվել փաստաբանին: -2018 թվականի դեկտեմբեր ամսին փաստաբանն անձնական կարիքների համար 3000 ԱՄՆ դոլար գումար է խնդրել Գագիկ Հոբոյանից, ինքն էլ տվել է:
-Պարո՛ն Գրիգորյան, ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել է, որ մինչև ձերբակալելը տվյալներ է ունեցելդատավորի կողմից կաշառք պահանջելու մասին, և հանցակից փաստաբանի միջոցով կաշառքի գումարը փոխանցվել է դատավորին ԱԱԾ-ի վերահսկողության ներքո:
-Ես չգիտեմ, թե ԱԱԾ-ն ինչ է արել, փաստաբանը որքանով է խառնված նրանց միջև, բայց որ Գագիկ Հեբոյանը գնացել է պարտքը վերցնելու, դա միանշանակ այդպես է:
-Դատավորն ի՞նչ հարաբերություններ է ունեցել փաստաբան Վահագն Դանիելյանի հետ:
-Նորմալ հարաբերություններ է ունեցել, եթե նորմալ չլիներ, 3000 ԱՄՆ դոլար պարտքով գումար կտա՞ր:
-Տեղեկություններ էին շրջանառվում, որ Վահագն Դանիելյանը չէր հայտնաբերվում: Դուք ունե՞ք հստակ տեղեկություն` ի վերջո նա հայտնաբերվել, բերման ենթարկվել կամ ներկայացե՞լ է վարույթն իրականացնող մարմնին:
-Մենք չգիտենք` հայտնաբերվել է, թե՞ նա ի սկզբանե նրանց մոտ է գտնվում և մշակման ենթարկվում: Չի բացառվում, որ պատրաստում են, որպեսզի դատավորի դեմ ցուցմունք տա:
-Եթե ասում եք, որ Հեբոյանն ու Դանիելյանը նորմալ հարաբերություններ ունեն, ինչո՞ւ պիտի վերջինս դատավորի դեմ ցուցմունք տա:
-Դե այդ պայմաններում կարող է նորմալ հարաբերությունը մոռանալ ու նրա դեմ ցուցմունք տալ:
-Ըստ քննություն իրականացնող մարմնի` Գագիկ Հեբոյանն ումի՞ց է կաշառք պահանջել:
-Դա այն քաղաքացին է, ում դեմ Հեբոյանը վճիռ է կայացրել` Բենիկ Հարությունյան:
-Ըստ քննություն իրականացնող մարմնի` Գագիկ Հեբոյանը քաղաքացուց ստացե՞լ է այնքան գումար, որքան պահանջել է:
- Ըստ մեղադրանքի`պահանջել է 3500 ԱՄՆ դոլար, ապա սակարկել են 2500-ի: -Քաղաքացին ԱԱԾ-ում հաղորդումը ե՞րբ է ներկայացրել:
- Մարտի 18-ին դատավորը նրա մասնակցությամբ գործով վճիռ է հրապարակել և մերժել հայցը, մարտի 25-ին քաղաքացին գնացել, հաղորդում է տվել: Երբ Հոբեյանը գնացել է պարտքի գումարը վերցնելու, փաստաբանի մոտ մշակված գումար է եղել. չի բացառվում, որ նաև փաստաբանն է ԱԱԾ-ի հետ համագործակցել:
-Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության`Հեբոյանը կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո է ձերբակալվել: Ստացվում է, որ գումարը նրան տրվել է մարտի 27-ին` ձերբակալման օրը: Եթե Հեբոյանը մարտի 18-ին արդեն իսկ վճիռ էր կայացրել Բենիկ Հարությունյանի դեմ, ապա, ըստ քննություն իրականացնող մարմնի` ինչո՞ւ էր քաղաքացին նրան մարտի 27-ին կաշառք տալիս:
-Տրամաբանություն չկա. մարդու պահանջը մերժել է, ինչո՞ւ պիտի կաշառք տա: -Հատուկ քննչական ծառայությունը Հեբոյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրե՞լ է դատարան:
-Այո՛, միջնորդությունն այսօր է քննվում:
-Դուք նրա ձերբակալման դեմ բողոք ներկայացրե՞լ էիք:
-Ո՛չ
Աղբյուրը՝ hetq .am