ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները 5 հոգանոց հանցավոր խումբ են բացահայտել
Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ եւ գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս:
Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի եւ Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց:
Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեւանցիներ՝ 21-ամյա Էրիկ Տ.-ն, 32-ամյա Էդգար Ս.-ն, 24-ամյա Վլադիմիր Ս.-ն, 32-ամյա Արամ Ի.-ն եւ 25-ամյա Սուրեն Մ.-ն:
Նույն օրը առավոտյան նրանք գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին:
Պարզվեց նաեւ, որ գողությունը կատարելուց հետո նրանք փախել են Սուրեն Մուսինյանի «Օպելով»: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են արել նաեւ Վաղարշապատի, Մասիսի եւ Արտաշատի նույն բջջային օպերատորի սպասարկման կենտրոններից:
Մասնավորապես. 2019 թ. մարտի կեսերին Վաղարշապատի սպասարկման կենտրոնից գողացել են 18 հեռախոս եւ հաջորդ օրը վաճառել 280 հազար դրամով: Դրանից հետո գողություն են արել Մասիսի եւ Արտաշատի սպասարկման կենտրոններից, եւ գողացված հեռախոսները Երեւանում 800 հազար դրամով վաճառել Վրաստանի մի քաղաքացու: Այս գումարը եւս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ եւ նույն խանութից նույն կերպ գողացել հեռախոսներ, որոնք դարձյալ վաճառել են նույն անձին:
Ընդ որում, ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր անգամ, նախքան գողությունը, խումբը գտել է նույն մակնիշի եւ նույն գույնի ավտոմեքենա, հափշտակել համարանիշերը, տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշերը, ձեռնոցներն ու դիմակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները եւ յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: