Վարչապետի պոպուլիզմը՝ «սևագործ բանվորների» մասին. Հրապարակ
«Հրապարակ». «Վարչապետը, խոսելով բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկի իջեցումից, որն արժանացել է քննադատությունների, թե եկամտահարկի համահարթեցումից շահում են միայն բարձր վարձատրվողները, ասաց, որ կառավարությունը չպիտի ընկնի բարձր աշխատավարձ ստացողների հետևից, այլ պետք է խրախուսի նրանց:
«ՀՀ-ում չպիտի մարդ լինի, որի մտքով անցնի, որ ինքը 80 հազար դրամով կարա աշխատի: ՀՀ-ում չպետք ա գործատու լինի, որ ինքը մտածի՝ 80 հազար պետք ա մարդ աշխատանքի ընդունի, ու ինքը մտածի, որ ինքն աշխատավարձ ա տվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, թե այնպիսի տպավորություն է, որ այս երկրի թշնամի սկսել են դարձնել բարձր աշխատավարձ ստացող մարդուն:
Բայց ով է այդ բարձր աշխատավարձ ստացողը: Ըստ Փաշինյանի՝ այն մարդն է, որը գնացել է, համալսարաններում չարչարվել է, գիշերները չի քնել, սոված ուսանողի կարգավիճակում ՀՀ-ում կամ արտերկրում ժամանակ է ծախսել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և այսօր ստանում է 1-2 միլիոն դրամ աշխատավարձ:
«Էդ, որ ասում են՝ մեր ժամանակների հերոսը, մեր ժամանակների հերոսն ինքն ա, բա մարդը չի պպզել քուչեքում՝ գնացել, կրթություն ա ստացել: Հիմա էդ մարդուն ասում ենք՝ էդ ի՞նչ 2 մլն դրամ աշխատավարձ ես ստանում, արի ստեղ հլը, 30 տոկոս դնենք՝ աշխատավարձիդ կեսը վերցնենք: Ոչ, մենք ասում ենք՝ մեր երկրում բոլորը պետք ա լինեն էդպես: Մեր երկրում ոչ թե քուչեքում պտի պպզեն, գողականից ու ճշտից խոսան, պիտի գնան համալսարան, դպրոց, կրթություն ստանան, էս ա նոր Հայաստանը, որևէ մեկն այլ բանի հույս չունենա: Հակառակ դեպքում այս փոփոխություններն անիմաստ են:
Ինչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լինենք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել: Եվ էս ա մեր քաղաքականությունը, և պետք չէ կեղծ սոցիալական կարգախոսներով՝ վայ, պայքարենք, որ 80 հազար աշխատավարձ ստացողը 300 դրամ պակաս հարկ վճարի: Էդ 300 դրամը պահեք ձեզ»,- զայրացած տոնով սևագործների վրա մատ էր թափ տալիս վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից մի հարց առաջացավ՝ ովքե՞ր են Հայաստանում սևագործ բանվորները՝ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողները: Այդ դեպքում արդյոք մանկավարժները, դասախոսները, գիտնականները, որոնցից շատերը 80 հազար դրամ, դրանից մի քիչ ավել, նույնիսկ երբեմն պակաս աշխատավարձ ստացողներն են, արդյոք սևագործ բանվորնե՞ր են: Եվ, վերջապես, արդյոք կարո՞ղ է վարչապետը մեկ տարում Հայաստանը դարձնել այնպիսի բարձր տեխնոլոգիաներով զարգացած, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որ նվազագույն աշխատավարձը դառնա, ասենք, 300 հազար դրամ, և բոլոր սևագործ բանվորները բարձր տեխնոլոգիաների տիրապետեն ու բարձր աշխատավարձ ստանան: Բայց չէ՞ որ հենց իրենք ոչ թե բարձրացնում են պետական ծառայողների աշխատավարձը, այլ ուզում են կրճատել պետական ապարատը և անգամ նվազագույն աշխատավարձից զրկել ոմանց:
Հետաքրքիր է՝ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում ինչքան աշխատավարձ են ստանում, արդյոք բոլոր աշխատողների աշխատավարձը գերազանցում է 80 հազար դրամը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: