Քոչարյանն իր այդ գրքում հոկտեմբերի 27-ի մասին մի կարևոր բան չի ասել․ Անդրանիկ Քոչարյան.armtimes.comՔոչարյանը հոկտեմբերի 27-ի մասին մի կարևոր բան չի ասել․ Անդրանիկ Քոչարյան.armtimes.com
ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, փոխվարչապետի նախկին պաշտոնակատար Վահան Շիրխանյանը նախօրեին բաց նամակ էր հղել Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին․ «Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով»,-մասնավորապես գրել է Շիրխանյանը՝ նամակում մի շարք մեղադրանքներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին՝ պետբյուջեի թալան, Մեղրին Լաչինչի հետ փոխանակելու մտադրություն, նախագահական ընտրությունների արդյունքների կեղծում եւ այլն։
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանի հետ։
– Պարոն Քոչարյան, Վահան Շիրխանյանն իր բաց նամակում մի շարք լրջագույն մեղադրանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Այդ տարիների անօրինականությունների եւ հնարավոր հանցագործությունների մասով հիմա հնարավո՞ր է քրեական գործեր հարուցվեն, թե՞ կա վաղեմության ժամկետի խնդիր։
– Իհարկե, կարող է լինել վաղեմության ժամկետի խնդիր, բայց գործեր կարող են հարուցվել՝ նայած, թե հնչեցրած մեղադրանքների որ մասը երբ է տեղի ունեցել։ Բայց այդ նամակը մի ամբողջության մեջ տալիս է այն պատկերը, թե Ռոբերտ Քոչարյան երեւույթը ինչ բացասական դերակատարում է ունեցել մեր երկրի կառավարման երեւի ամբողջ պրոցեսի ընթացքում, եւ նույնիսկ հիմա։ Որովհետեւ այն միջոցները, որոնք ինքը կուտակել է իր պաշտոնավարման ժամանակ, հիմա ես նկատում եմ, որ կիրառվում են մեր երկրի իշխանությունը թուլացնելու նպատակով՝ ինֆորմացիոն տարբեր միջոցներով։ Շիրխանյանի բաց նամակը պատասխան է Ռոբերտ Քոչարյանի գրքում զետեղված ստերի, այն ամենի դեմ, ինչի մեջ ինքն ուզում է մեղադրել մարդկանց, որոնք պարզապես չեն կարող լինել այդ մեղադրանքների մեջ։ Շիրխանյանը հակադարձում է՝ հիմա պատասխանիր այ ա՛յս մեղադրանքներին, իսկ այդ մեղադրանքները, որքանով ես եմ տեղեկացված, կարող եմ ասել, որ բացարձակ ճշմարտություն են։
– Վահան Շիրխանյանը գրել է նաեւ 1998-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին՝ մասնավորապես նշելով, որ Ռ․ Քոչարյանն իր ստացած 27 տոկոս քվեն դարձրել է 59%, իսկ «73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվել 41%»։ Դուք, լինելով իշխանություն, ինչո՞ւ չեք կանխել ընտրակեղծիքները։
– Ընտրությունների կեղծման թեման սկսվել է դեռեւս այնտեղից, երբ Քոչարյանը, չլինելով ՀՀ քաղաքացի, ապօրինի ձեւով առաջադրեց իր թեկնածությունը։ Այդտեղ քննարկելու բան չկա, հայ ժողովուրդն անգիր գիտի, դրա համար էլ Քոչարյանը միշտ մերժված է եղել մեր ժողովրդի կողմից։ Այդ շրջանում երկրի անվտանգության տեսանկյունից շատ վտանգավոր իրավիճակ էր, եւ Վազգեն Սարգսյանը ստիպված գնաց զիջումների, որպեսզի Ղարաբաղ-Հայաստան խնդիրը հանկարծ չթուլանա, Ղարաբաղի անվտանգության խնդիրը հանկարծ չդառնա խնդրահարույց, եւ Վ․ Սարգսյանը նույնիսկ հանդուրժեց, որ իրականացվեն այդ խայտառակ ընտրությունները։ Բայց նա իր անհամաձայնությունը հայտնեց, երբ խորհրդարանական ընտրություններում միացավ Կարեն Դեմիրճյանին, որպեսզի գոնե խորհրդարանական ընտրություններում դառնա հակակշիռ՝ ապօրինությունների միջոցով զավթված այդ իշխանությանը։ Բայց, արդյունքում տեսանք, թե այդ հակամարտությունը իշխանության մեջ ինչ դրսեւորումներ ունեցավ։
– Պարոն Քոչարյան, այսօր հանրային պահանջ կա նաեւ հոկտեմբերի 27-ը բացահայտելու։ Այս շրջանում կարո՞ղ ենք սպասել այդ բացահայտումներին։
– Ես դրանով միշտ եմ ապրել, եւ դրանով են ապրել այն բոլոր տղաները, որոնք չեն կարողանում հանդուրժել, թե ոճրագործն ինչպես էր ավտոմատի կոթով հարվածում երկրի վարչապետին․ այդ ամեն մի հարվածը մեր պետության գլխին էր, դրանով գլխատվեցին իշխանության երկու թեւերը, այդ հարվածներով անընդհատ խփելով Վազգենին՝ ոճրագործը մեր բոլորի ինքնասիրությանն էր խփում։ Եւ այսօր չբացահայտել 27-ը՝ պարզապես հնարավոր չէ։ Հիմա բացահայտում ենք Մարտի մեկը, որը հնարավորություն է ստեղծում բացահայտել նաեւ դրանից առաջ եղած ոճրագործությունները, եւ այն ոճրագործությունը, որի նմանը չի եղել՝ հոկտեմբերի 27-ը։ Ինչ վերաբերում է բացահայտման ընթացքին՝ ես չեմ ուզում շտապենք, սրանք լուրջ հարցեր են։ Ամերիկացիները, օրինակ, մինչեւ 2040 թվականը իրենց ժողովրդից ժամանակ են խնդրել՝ Քենեդիի սպանության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու համար։ Պետք չէ շտապել, որովհետեւ հնարավոր է՝ եղել են շատ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք բացելով ինքներս կհասկանանք՝ որտեղ ենք սխալվել, ինչու գլխատվեց մեր պետությունը, դա ընդամենը իշխանությա՞ն կռիվ էր, թե այլ ուժեր կային հետեւում։ Այս խնդիրը պետք է լուծել հանգիստ, բայց նպատակը պետք է լինի մեկը՝ հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Իսկ Քոչարյանն իր այդ գրքում հոկտեմբերի 27-ի մասին մի կարեւոր բան չի ասել․ ի՞նչ էր խոսում Նաիրի Հունանյանի հետ։
– Դեռեւս չհաստատված տեղեկություն կա, որ այդ խոսակցության ձայնագրությունը պահպանվել է, ձայնագրության մի օրինակ էլ ժամանակին եղել է Տիգրան Նաղդալյանի մոտ, դուք ի՞նչ տեղեկություն ունեք այս մասին։
– Չի կարող չլինել։ Ես համոզված եմ, որ չէր կարող չձայնագրվել, եթե այդ ժամանակ շենքի ներսում հանդիպման անվտանգությունն ապահովող ԱԱԾ կար։ Այդ ձայնագրությունը դեռ գտնել է պետք, բայց դա քննության խնդիրն է։
Քոչարյանի խնդիրը միշտ եղել է տեռորիստներին ոչնչացնելու պարագայում ոչնչացնել նաեւ դեպի ոճրագործության բացահայտում տանող բոլոր հնարավորությունները։ Նա, փոխանակ այն ժամանակ երկրում մտցներ արտակարգ դրություն, մտցրեց Մարտի մեկին։ Իսկ հոկտեմբերի 27-ին ինքն ի՞նչ գիտեր, թե ինչ խմբեր են թափանցել, ինչ գործողություններ են անելու։ Ինքը պետք է անպայման օգտագործեր ուժայիններին, բայց դա չարվեց իր կողմից, եւ արվեց Վազգեն Սարգսյանի կառավարության առանցքային դեմքերի շնորհիվ․ ՊՆ-ն փակեց երկրի սահմանները, որպեսզի կանխի հնարավոր զարգացումները։ Հիմա Քոչարյանը մի կարգավիճակում է, որ պետք է պատասխանի նաեւ այս հարցերին, եւ ուզի, թե չուզի՝ դրանք առնչվելու են նաեւ Մեղրիի քննարկումներին, որովհետեւ դա նշանակում է, որ մեր երկիրն ունեցել է ղեկավար, որի մտքում եղել է Մեղրին տալու տարբերակ, ինչը պետական դավաճանությանը հավասար միտք է՝ քննարկման առարկա դարձնել Հայաստանի պետական սահմանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում