Ասկերովի հայտարարությունները Հայաստանի մասին զարմանք են առաջացնում. Նաղդալյան
Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ կապված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի հայտարարության հետ, թե նրա մուտքը Հայաստան արգելվում է: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:
Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։
Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»,- ասել է Նաղդալյանը: