Վանաձոր ԲԿ-ում դիալիզի գործընթացը կանգ չի առնի. Թորոսյան
Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել՝ անկախ նրանից, թե ում շահն է այստեղ տրորվում Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ "Մրցակցային շուկա չի եղել։ Կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մեկ կազմակերպություն։ Մենք առաջարկություն ենք արել, մեր առաջարկության արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին՝ առաջին անգամ։ Առաջին անգամ շուկան բացվել է, մասնակցել են տարբեր ֆիրմաներ", - ասաց նա։ Անդրադառնալով Վանաձորի բժշկական կենտրոնի ղեկավարի հայտարարությանը, թե հեմոդիալիզի սարքերի խնդիր կա, և Վերահսկողական ծառայության գործողությունների հետևանքով իրենք կանգնել են լուրջ խնդրի առջև, Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ այդ ամենը սուտ է, նման բան չկա։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես անդրադարձել է հեմոդիալիզ ստացող քաղաքացիների խնդրին: Նա նշել է, որ խոսել է Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, ով հավաստիացրել է, որ հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացիները հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից չեն ունենա: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. "Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։ Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։ Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։ Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի":

Քաղաքականություն