Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրյալի աթոռին են հայտնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի կին հաշվապահը, ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի դասակի հրամանատարի օգնականը հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել, որ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը 2016թ. հունվարից մինչեւ 2018թ. մայիս ամիսը ներառյալ, իր նույն բաժանմունքի հաշվապահ Գայանե Արշակյանի հետ ջոկի հրամանատար Արա Ասատրյանի օժանդակությամբ յուրացրել են բաժանմունքի մի շարք ոստիկանների ու ռազմականացված ջոկատի հաշվեհամարներին փոխանցված եւ հավաքագրված ՀՀ պետական բյուջե փոխանցվող առանձնապես խոշոր չափի գումարներ: Նշված ժամանակահատվածում Խոսրով Անդրոյանը եւ Գայանե Արշակյանը խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.5 մլն ՀՀ դրամ գումարը:
Գայանե Արշակյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետ Մինասյանի հետ, 2016թ. մայիսի 13-ին կնքված աշխատանքային պայմանագրով` զբաղեցնելով Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվապահի պաշտոնը, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 15.2 մլն ՀՀ դրամ գումար: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Արա Ասատրյանը:
Ի դեպ, նախաքննական մարմինը վերջիններիս կատարած արարքի համար մեղադրաք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա)»: