Հասարակություն

Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիայի՞». Նոր վտանգներ կան. Ժողովուրդ

Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիայի՞». Նոր վտանգներ կան. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բնապահպանները տեւական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլեւ նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերեւութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները : Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականցվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, եւ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի եւ օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը: Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց: Մինչ այդ նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը»: Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250