ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժվում է դեպի Խորենացի փողոց։
Վարորդները AuroraNews-ին հայտնեցին, որ ծառայությունն արդեն ուղևորների սպասարկման վճարից կատարում է 15 տոկոսի չափով պահումներ: Խոսքը միջնորդավճարի մասին է, որը նախկինում եղել է 5, այնուհետև 9 տոկոսի չափով, իսկ այժմ գրեթե կրկնապատկվել է:
Ավելին, նրանց նախապես որևէ մեկը չի զգուշացրել այդ մասին և միջնորդավճարների բարձրացման մասին տեղեկացել են ծրագրի միջոցով, երբ նկատել են, որ ստացած եկամտի հաշվարկն այլ կարգով է իրականացվում: Բողոքի ձայն բարձրացրած վարորդներից շատերը նույնիսկ դադարեցրել են համագործակցությունը «Յանդեքսի» հետ և անցել աշխատանքի տաքսի ծառայություններ մատուցող այլ ընկերություններում:
Հիշեցնենք՝ երեկ AuroraNews-ի հետ կապ էր հաստատել «Յանդեքս» տաքսի ծառայության Մոսկվայում գտնվող կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը, ով հաստատել էր, որ, այո՝ միջնորդավճարների չափն ավելացվել է, սակայն, վարորդներին տրվել են ինչ-որ առավելություններ, որոնցից օգտվելու դեպքում տոկոսադրույքն ավելի ցածր է ստացվում քան նախկինում էր։
Թե խոսքն ի՞նչ առավելությունների մասին էր չհայտնեց, նշելով, որ դա վարորդներին կարող են բացատրել արդեն տեղի գրասենյակների ներկայացուցիչները:
AuroraNews-ը քիչ առաջ կապ հաստատեց նաև «Յանդեքս» տաքսի ծառայության տարածքային գրասենյակի ղեկավար Ավեդիս Կասբարյանի հետ, որը մեզ հետ զրույցում կրկնեց Մոսվկայի գրասենյակի ներկայացուցչի խոսքերը։
Պարոն Կասբարյանը նշեց, որ վարորդների հետ պետք է տարվեին բացատրական աշխատանքներ, սակայն նրանց մեծ թվի պատճառով դեռևս չի հաջողվել դա անել։
Ի դեպ, Ավեդիս Կասբարյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել բողոքի ակցիայի կազմակերպիչներին, վերջիններիս հետ քննարկել ստեղծված իրավիճակն ու համագործակցության հետագա տարբերակները։
ԹԱՐՄԱՑՎԱԾ
Վարորդներն այս պահին Խորենացի փողոցում, «Յանդեքս» տաքսի ծառայության գլխավոր մասնաշենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան։