Ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին. Սերժ Սարգսյան
Կայա Կալլասը հայտարարեր, թե չհայտարարեր, մենք ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Չեմ կարծում, որ ինչ-որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես մանրամասնորեն չգիտեմ, թե Մոլդովայում ինչ է եղել, որ հիմա ասեմ՝ Մոլդովայի սցենարն այստեղ կրկնվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանում էլ մոլդովական սցենար կրկնվի, ինչի համար էլ ԵՄ-ից աջակցում են Հայաստանին։
Նշենք՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից։
«Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել ենք Մոլդովային», - ասել էր ԵՄ դիվանագիտության ղեկավարը։





























