Դատախազությունը դիմել է Ռուսաստանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազին իրավասու մարմիններին հանձնելու համար

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին։


«ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»,-NEWS.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։


Նշենք, որ նախկինում արդեն մեկ անգամ Հայաստանը դիմել է Ռուսաստանին և մերժում ստացել։


Այս տարվա նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ ՀՀ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ: «Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- ասել էր նա՝ հավելելով, որ և՛ Կոստանյանը, և՛ Հարությունյանը Ռուսաստանում են գտնվում:


Նրանք երկուսն էլ հետախուզման մեջ են։

Քաղաքականություն

Պատահարներ