Ցավոք, լավ նորություններ չկան. Ռուբեն Վարդանյանի կինը Բաքվում` դատաքննության մասին
Ցավոք, լավ նորություններ չկան։ Այս շաբաթ հայտարարվեց, որ «դատաքննությունն ավարտված է», և առաջիկայում կսկսվի դատական բանավեճերի փուլը։ Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ում միջեւ են դրանք լինելու։ Դատական նիստերին ոչ մի անկախ փորձագետի թույլ չեն տալիս ներկա գտնվել: Մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը չի բավարարել Ռուբենի և նրա փաստաբանի գործնականում և ոչ մի միջնորդություն ու հարցում, իսկ այդ միջնորդություններից և հարցումներից շատերը մինչ օրս մնում են անպատասխան։ Այս մասին «Մեդիամաքս»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վրադանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը:
«Թեև դատական նիստերը իբր բաց են համարվում, բայց դրանց թույլ են տալիս մասնակցել միայն ցուցակներով, իսկ դատարանի դահլիճը շրջափակված է ոստիկաններով։ Այսպես կոչված տուժողները և նրանց հարազատներն ասում են, որ «Վարդանյանի հետ չեն հանդիպել, անձամբ չեն ճանաչում նրան, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից, բայց համարում են, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները»։ Ընդ որում, վկաներից և ոչ մեկը, որոնց նա խնդրել է հրավիրել, չի կանչվել դատարան՝ ցուցմունք տալու: Ակնհայտ է, որ դատարանի որոշումը իրավական դաշտից դուրս է լինելու։ Ավելին, այսպես կոչված դատական ողջ գործընթացն արդարադատության լիակատար մերժում է»,- ասել է Վարդանյանի կինը:
Նա հավելել է. «Ռուբենին, բարեբախտաբար, դեռ թույլ են տալիս զանգահարել շաբաթը մեկ անգամ, երբեմն երկու անգամ՝ 10 րոպեով։ Ոչ ես, ոչ էլ մեր ընտանիքի մյուս անդամներն իրական տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ. այդ մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների և այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել»։





























