2-7 մլն պարգեւավճարներ ՀՀ Ֆինանսների նախարարությունում
«168 ժամ» թերթը գրում է. «Պետբյուջեից պետական գերատեսչությունների հատկապես բարձրաստիճան ղեկավարությանն աստղաբաշխական թվերով պարգեւատրումների թեման իրավացիորեն հասարակության լայն շերտերի դժգոհությունն է առաջացրել։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցների պարգեւատրելու համար քաղաքային բյուջեից 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել: Դրան հետեւեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի պարգեւատրումները, որոնց համաձայն՝ ՊԵԿ ղեկավարությունը եւ նրանց հետ իշխանության եկած պաշտոնյաները հսկայական պարգեւավճարներ էին ստացել՝ 1,5 մլն դրամից մինչեւ 9,6 մլն դրամի հասնող։ Պարգեւատրումների թեման շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Հարցին անդրադարձել են երկրի բոլոր քաղաքական ուժերը, իշխանությունները՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Պետական կառույցներում պարգեւատրումները, որպես կանոն, համարվում են նորմալ պրակտիկա: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) եւս որոշել է այս հարցում առաջատար դիրքեր գրավել եւ գործընկերներին չզիջել: Մասնավորապես, նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերին աշխատավարձերը եւ պարգեւատրումները իրար մեջ հետեւյալ կերպ են բաշխվել. 1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ, 2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ, 3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ, 4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ, 5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ, 6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ, 7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ, 8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ, 9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ, 10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ, 11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթեւիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000, 12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ, 13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։ Նկատենք, որ պարգեւավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որեւէ գերատեսչությունում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում»:

Քաղաքականություն