Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը․ «Ստրատֆոր»
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ու տնտեսական համագործակցության զարգացումներին է անդրադարձել Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնն: Հոդվածը մեջբերում է tert am-ը: Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր կապերը Կովկասում հիմնաքար են, սակայն այժմ Երևանի և Մոսկվայի միջև եղած լարվածությունը կարող է զգալիորեն վնասել այդ հարաբերությունները: Ըստ վերլուծաբանների՝ 2 երկրի հարաբերությունների վրա ազդել է հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը: Հոդվածում խոսք կա նաև Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղակայված 5000 ռուս զինվորների մասին: Նշվում է, որ Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի Հայաստանի տնտեսական հատվածի վրա՝ էներգետիկ խողովակաշարերից մինչև հեռահաղորդակցություն: «Ռուսաստանը նաև Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում ընդհանուր առևտրի 25 տոկոսը: Վերջերս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հարցականի տակ է դրել Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված ամուր հարաբերությունները»,- ասվում է հոդվածում: Հոդվածագիրը նկատում է, որ լարվածության աղբյուրներից մեկը ռուսական զինուժի՝ հայկական գյուղում իրականացրած զորավարժություներն էին, որոնց հաջորդել են բնակիչների բողոքի ցույցերը և Մոսկվային ուղղված Փաշինյանի կշտամբանքը, թե բնակիչներին ինչու զորավարժությունների մասին նախապես չեն զգուշացրել: Որպես 2 երկրի հարաբերությունների վրա ներազդող գործոն նշվում է նաև 2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան և նրա՝ Հայաստանին զենք վաճառելու պատրաստակամության մասին հայտարարությունը: «Անհամաձայնություններ կան նաև հայ-ռուսական համագործակցության այլ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ հատվածում: Տարաձայնությունները վտանգի տակ են դնում Հայաստանի ռազմական կապերը Ռուսաստանի հետ, թեև դրանք կարող են ազդել նաև գազի մատակարարումների վրա», - նկատում է հոդվածագիրը և նկատում, որ եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն խախտվել, այլ ուժեր, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Իրանը և Թուրքիան, կարող են ներխուժել կովկասյան երկիր և թուլացնել Ռուսաստանի դիրքերը: Ըստ հոդվածագրի՝ ԱՄՆ-ի՝ զենք վաճառելու առաջարկին զուգահեռ Իրանը կարող է մեծացնել բնական գազի արտահանումը Հայաստան, մինչդեռ Եվրամիությունը նույնպես ավելի շատ տնտեսական և քաղաքական առաջարկներ է արել երկրին: «Առաջարկը Հայաստանը կարող էր առավել լրջորեն դիտարկել, թեև դա կխորացներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը: Մյուս կողմից՝ Թուրքիան կարող է նորից փորձել հարաբերությունների կարգավորման հարցում լուրջ քայլ անել 2009-ի ջանքերից հետո, թեև նման քայլն ամեն դեպքում կախված կլինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից: Այս ամենն, իր հերթին, կստիպի Ռուսաստանին կենտրոնանալ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու վրա՝ մեծացնելով տարածաշրջանում ավելի մեծ ապակայունացման հավանականությունը», - գրում է հոդվածագիր: