Ոստիկանները բերման են ենթարկել ՍԱՍ սուպերմարկետ ներխուժած եւ գումար պահանջած անձին
Հունվարի 17-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը եւ հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմակետ եւ գումար պահանջել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, անհայտ անձը սեւ գլխարկով եւ ակնոցներով, աշխատակցից գրությամբ պահանջել է գումար եւ սպառնացել, որ իր մոտ զենք եւ պայթուցիկ կա, եւ կպայթեցնի սուպերմարկետը, սակայն աշխատակցի կողմից մերժում ստանալով` ատրճանակի նմանվող առարկան ուղղելով վերջինիս կողմը, հեռացել է՝ պահանջելով իրեն չհետեւել:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, հունվարի 20-ին, ժամը 8.45-ին, իր տնից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Նույն օրը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ Աշոտ Մ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ եւ ինքնաշեն պայթուցիչի նմանվող, էլեկտրական լարերով փաթաթված պլաստմասսե տարա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Աշոտ Մ.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: