Ուշադրություն է դարձվելու կեղտաջրերի մաքրմանը, մշակվելու է ռազմավարական ծրագիր․ Ջրային կոմիտե
Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրի պաշտոնական մեկնարկին ընդառաջ՝ այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) պատասխանատուներ՝ ՀԲ ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, WISE ծրագրի գծով պատասխանատու Ռանու Սինհային, ավագ մասնագետ Փոլադ Քարիմիին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հայաստանյան ներկայացուցիչ Օդրի Գուրդիեին և փորձագետ Արմեն Խուդինյանին։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչները ՀԲ և ԶՖԳ գործընկերների հետ քննարկել են այն նախապատրաստական քայլերը, որոնք անհրաժեշտ են WISE ծրագրի պաշտոնական մեկնարկի համար։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։
Մասնավորապես՝ խոսվել է վարկային համաձայնագրերը Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում ներկայացնելու և խորհրդարանի կողմից վավերացվելու, ՀՀ նախագահի կողմից ստորագրվելու, ծրագրի Համակարգող խորհրդի ձևավորման, ծրագրի իրականացման թիմի համալրման և անհրաժեշտ ֆինանսական ու գործառնական փաստաթղթերի մշակման մասին։
Հաշվի առնելով Հայաստանի ջրային ոլորտում առկա խնդիրների բազմազան և փոխկապակցված բնույթը, մասնավորապես՝ ոռոգման ենթակառուցվածքների մաշվածությունը, գյուղական բնակչության սահմանափակ հասանելիությունը անվտանգ ջրամատակարարման ծառայություններին, ինչպես նաև կլիմայական փոփոխություններից բխող վտանգների աճը, WISE ծրագրի շրջանակում իրականացվելու են ջրային ոլորտի բարեփոխումներ, մշակվելու է ջրային ոլորտի ռազմավարական ծրագիր, զարգացվելու են ինստիտուցիոնալ կարողություններ։
Ի հավելումն՝ իրականացվելու են ներդրումներ՝ ուղղված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը, հատկապես գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվելու կեղտաջրերի մաքրման խնդիրներին և համայնքների ներգրավման հնարավորություններին։
Ծրագիրը նախատեսում է համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության և Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։





























