ՊՆ-ն պարզաբանել է բուժծառայության սպայի խնդրահարույց նշանակումը
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Ինչու է ՊՆ-ն ֆինանսավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները. Բաց նամակ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ։ «Բ/ծ կապիտան Սոս Վահագնի Պետրոսյանը (ծնված 19.10.1988թ., Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատ) հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ (հիմնական բազային մասնագիտացումը` «բուժական գործ զինված ուժերում»): Բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը 2015 թվականին գործուղվել է ՉԺՀ ՊՆ Շանհայի 2-րդ ռազմաբժշկական համալսարան՝ օտարերկրյա զինվորական բժիշկների համար նախատեսված մագիստրոսական ծրագրի դասընթացներին մասնակցելու համար: Մագիստրոսական ծրագրով նա այլ տեսակի բժշկի որակավորում չի ստացել: Ուսումնառության ընթացքում նա անցել է ինտերվենցիոն սրտաբանության կուրսեր: Սակայն դա նոր մասնագիտացում չէ, այլ ընդամենը դասընթաց է, որտեղ նա ձեռք է բերել որոշակի գործնական հմտություններ: Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով (ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ոլորտում նման գործնական հմտություններ ունեցող բժիշկ-սպաների համապատասխան հաստիքներ չկան, բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը նշանակվել է առանձին բժշկական ջոկատի ընդունարանի պետի պաշտոնին: Վերջին նշանակումը համապատասխանում է կապիտան Ս. Պետրոսյանի հիմնական մասնագիտությանը և զինվորական բժշկի համար կարևոր փորձ է հետագա ծառայողական աճի համար: Նա դեռ չի ավարտել կլինիկական օրդինատուրա, հետևաբար դեռ չի կարող համարվել նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ: Մեզ հասկանալի չեն կապիտան Ս. Պետրոսյանի հայտարարության մոտիվները, քանի որ ռազմական բժիշկը իր երդմանը համապատասխան պետք է ծառայի զինվորականներին ցանկացած վայրում», – իր գրառման մեջ նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Քաղաքականություն