Աշխատավայր չունեն, ունեն հասցե. ՊԵԿ-ը հարկերի համար պատրաստ է մտնել աստղերի տները
Ես շատ հանգիստ եմ վերաբերվում շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք ասում են, թե հանգիստ կարող են թաքցնել իրենց եկամուտները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Իհարկե, կարող են թաքցնել: Մենք ասում ենք՝ դուք կարող եք հայտարարագրել ձեր եկամուտները այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ միանգամից ասում են՝ դուք չեք կարող վերահսկել, այո չենք կարող, բայց դուք չե՞ք կարող ինքներդ ձեզ վերահսկել: Այսինքն, մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, ինչքան ստացել եք: Եթե ուզում եք խաբեք, խաբեք»,-ասել է Անանյանը: ՀԺ-ի հարցին, թե ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները թաքցնեն իրենց եկամուտները, ՊԵԿ նախագահն արձագանքել է․ «Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով փորձելու ենք մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով ճշտել, թե արդյո՞ք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե ոչ»: ՀԺ-ի լրագրողի դիտարկմանը, որ նրանք չունեն աշխատանքի հասցե, նրանց տնե՞րն եք մտնելու, Անանյանն ասել է․ «Եթե աշխատավայր չունեն, ունեն հասցե: Միգուցե գրենք, խնդրենք, ներկայանան, մենք էլ իրենց բացատրենք, թե ինչպես պետք է հարկերը վճարել: Եթե մեկ մլն դրամ է ստացել, հենց այդքան էլ պետք է հայտարարագրի»:

Քաղաքականություն