Մանե Թանդիլյանի վթարի մեղավոր․ «Հրապարակ»
«Հրապարակը» թերթը գրում է. «Մենք պարզեցինք, որ 2-3 ամիս առաջ էլ՝ հոկտեմբերին, վթարի է ենթարկվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին սպասարկող Toyota Camry ավտոմեքենան։ Ընդ որում, այս դեպքում վթարի մեղավորն ու վարորդը հենց ինքը՝ նախարարն է եղել՝ տիկին Թանդիլյանը։ Նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ զանգերին նամակով պատասխանեց, որ չի կարող խոսել, առաջարկեց Ֆեյսբուքով իրեն նամակ գրել, բայց նամակին էլ չարձագանքեց։ Վթարը տեղի է ունեցել Երեւանում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է ոչ այնքան վթարի փաստը, որքան այն, որ ղեկին հենց նախարարն է եղել։
Պարզվում է՝ Մանե Թանդիլյանը վարորդ չի պահել, իբրեւ թե ֆինանսական խնայողության նպատակով։ Ավելի ճիշտ՝ նրա վարորդը, որը երկար տարվա վարորդ է ու մինչ այդ տարբեր նախարարների է սպասարկել, այդ թվում՝ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Թանդիլյանի հետ մոտ երկու ամիս աշխատելուց հետո դուրս է եկել աշխատանքից։ Դրանից հետո Մանե Թանդիլյանը նոր վարորդ չի ընդունել, որ փող խնայի, բայց իր վթարով, պարզվում է, ավելի շատ ծախսի տակ է գցել պետությանը, քան խնայողություն արել։
Իսկ ինչպե՞ս է «յոլա գնացել» առանց վարորդի։ Շատ պարզ՝ փոխնախարարների ու նախարարության մյուս վարորդների օգնությամբ։ Մեզ ասացին, որ ամեն անգամ մեկին խնդրել է մեքենան վարել։ Բայց շատ հաճախ կեսից իրեն ինչ-որ կետ տեղափոխած վարորդից մեքենայի բանալիները վերցրել է, որ ինքը վարի, ու վարորդին ոտքով հետ է ուղարկել։ Դարձել է «Կարգին հաղորդման» հայտնի անեկդոտը՝ չգիտեմ տերն ով էր, բայց վարորդը նախարար էր։
Եվ Թանդիլյանի այս տարօրինակ սովորության պատճառով նախարարության վարորդները դժգոհում էին ու երբեմն հրաժարվում նրա հետ երկար ճամփա գնալուց, քանի որ կարող է գնային հասնեին աշխարհի ծայրը, ու նախարարն իրենց ոտքով հետ ուղարկեր, ինքը մնար մեքենայով։ Թե ինչ է փորձել թաքցնել Թանդիլյանը վարորդներից, որ կեսից հրաժարվել է նրանցից, ուր է գնացել հետո ինքը ծառայողական մեքենայով, որ չի ցանկացել՝ այդ մասին իմանան վարորդները, ենթադրությունների տեղիք է տվել։ Վթարն էլ, հավանաբար, այդ դեպքերից մեկի ժամանակ է եղել, երբ վարորդին ուղարկել է տուն, ու ինքը նստել ղեկին»: