Փաշինյանը պետք է երկրի ղեկավար դառնա և դադարի լինել միայն ճառ ասող. Վիգեն Սարգսյան
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ունի երկու բարդ խնդիր լուծելու անհրաժեշտություն, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Պատասխանատվություն ստանձնելու ժամանակը
Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի տեսանկյունից, մեծ դժվարություններ է ստեղծելու նաև իր` Փաշինյանի և իր թիմակիցների համար:
Ավարտվեց հասարակությունը սևերի և սպիտակների կիսած քարոզարշավը, լռեցին քարոզիչ-մունետիկները, անցավ միահեծան հաղթանակի ցնծությունը և երկիրը վերադարձավ իր առօրյա կյանքին:
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն:
Առաջինը. Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որևէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձևավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար նա անմիջականորեն և անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների և հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների և բազմաթիվ այլ արածների և չարածների համար: Ընդ որում, այդ հարցում նա պարտադրված է լինելու գտնելու նուրբ հավասարակշռություն իր թիմակցին սատար կանգնելու, իսկ մյուս կողմից` ինքն իրեն այդ միջամտության գերի չդարձնելու հարցում:
Այս առումով հիշարժան օրինակ է քարոզարշավի օրերին իր թիմակից Սասուն Միքայելյանի «Արցախի հաղթանակ – հեղափոխության հաղթանակ» անհաջող համեմատությանը հանրային սուր արձագանքին հակադարձելու Փաշինյանի փորձը, որի տրամաբանական զարգացում դարձան որոշումներ, որոնք կարող են զգալիորեն ազդել երկրի պաշտպանունակության վրա:
Երկրորդը` ապագայի օրակարգի ձևավորումն է և որոշումների ու իրականացվող քաղաքականության համար պատասխանատվության ստանձնումը: Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որևէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է: Երեք լեզուների դասընթացին զուգահեռ պետք է սովորել պատվով կրել այն։
Իշխանություն ստանձնելուց երեք շաբաթ անց նախորդների չարագործություններին վերագրվեց Սարդարապատի 100-ամյակի միջոցառման հանրային քննարկում առաջացրած մի դրվագ: Երեկ, պաշտոնավարման 8-րդ ամսում վարչապետը փորձեց «նախորդների» վրա բարդել Նախիջևանի հետ սահմանագծում դիրքային տեղաշարժը և ռուսական ռազմաբազայի պայմանագրով նախատեսված պետբյուջեից կատարվող ծախսերի «մեղքը»:
Եկել է լրջանալու և պատասխանատվություն ստանձնելու պահը:
Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով և դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձևավորելու է իշխանության նկատմամբ վստահություն հանրության ու միջազգային գործընկերների մոտ: Ավելին` պետությունը վերածելու է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ոչ լուրջ ներդրողը, ոչ պոտենցիալ հայրենադարձը։ Հասկանալի է, որ քաղաքական գործիչ Փաշինյանը ժողովրդին սովորեցրել է իր ամենօրյա ուղիղ եթերների գրաֆիկին, բայց դրա ժամանակն անցավ։ Հիմա աշխատելու ու արդյունք գրանցելու ժամանակն է։ Պետք է քայլել առաջ, ստանձնել պատասխանատվություն, լուծել խնդիրներ, ձևավորել կապեր, պայքարել երկրի տնտեսության համար առանցքային ռազմավարական ապրանքների շահավետ գնագոյացման համար, ամրապնդել երկրի պաշտպանունակությունը:
Եվս մեկ օրինակ պաշտոնակատար Փաշինյանի երեկվա ելույթից` ՀԱՊԿ-ում «նախկինում ոչինչ արված չլինելու» մասով: Հասկանալի է և օրինաչափ, որ Նիկոլ Փաշինյանը նոր է ադապտացվում միջպետական բանակցություններին, հակտապես` բազմակողմ ձևաչափում: Բայց դա չի նշանակում, որ մինչև իր նոր կարգավիճակում հայտնվելը ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություններ չեն վարվել, հարցադրումներ չեն արվել և խնդիրներ չեն լուծվել: Այդպիսի հայտարարությունն, ինքնին, վիրավորական է ոչ միայն Հայաստանի նախկին, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկա իշխանությունների համար: Հուշեմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները ևս մամուլի տեսություն են ստանում:
Հնարավոր է շատերին տարօրինակ թվա, բայց ես պակաս ծանր չեմ տարել Փաշինյանի հասցեին Բելառուսի Նախագահի կողմից արված հայտարարությունը, քան Փաշինյանի ամենանվիրյալ հետևորդը: Դա երկրի և ոչ թե առանձին անձի հասցեին թույլատրված արտահայտություն էր: Բայց ես, ի տարբերություն մեր բազմաթիվ հայրենակիցների, գիտեի, որ դա այդպես է ավարտվելու այն պահից, երբ Փաշինյանի մամուլի ծառայությունը և օրաթերթը հրապարակեցին այն հայտնի լուսանկարը, որտեղ վարչապետն իր հայացքով փորձում է մոխրակույտի վերածել Բելառուսի` կյանքում շատ բան տեսած Նախագահին: Երկրի ղեկավարը պետք է միշտ գիտակցի, որ իր, ինչպես նաև իր գրասենյակի յուրաքանչյուր արտաբերած միտք, լուսանկար, կարծիք անմիջապես թարգմանվում և իր սպառողին է գտնում ուժային բազմաթիվ կենտրոններում: 21-րդ դարում «մեկ է, մեր գյուղից մարդ չկա» սկզբունքը չի գործում:
Տեղեկատվությունը ակնթարթային արագությամբ հասնում է ամենուր և բոլորին:
Վերադառնալով ՀԱՊԿ-ին. հիմնադրման պահից Հայաստանը եղել է կազմակերպության ամենաակտիվ և արդյունավետ մասնակիցներից մեկը: Բավարար է ասել, որ հենց Հայաստանի նախագահության օրոք է համաձայնեցվել և ընդունվել երկար տարիներ քննարկվող Հավաքական անվտանգության ռազմավարությունը: Մեր նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերով է հաջողվել լուծել զենքը ներքին գներով գնելու հարցը, որից Հայաստանը մեծ գործնական օգուտ է ստացել և, հուսով եմ, կշարունակի ստանալ: Մեր պնդմամբ է ընդարձակվել և նոր բովանդակությամբ լցվել համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների ծրագիրը: Մենք ենք պարբերաբար պնդել և առաջ քաշել արտաքին քաղաքականության հարցերում դիրքորոշումների համադրման անհրաժեշտությունը: Ի վերջո, լավ թե վատ, մեզ հաջողվել է ստանալ և ոչ թե կորցնել կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնը, որքան էլ դա անկարևոր թվա այսօրվա իշխանություններին: Կարելի է շարունակել թվարկումը:
Պետք չէ նսեմացնել նախկինում կատարած աշխատանքը: Դա բավարար էր իշխանություն ստանալու համար, բայց չի կարող բավարար լինել այդ իշխանությանը երկար մնալու համար: Արե՛ք ավելին, և դա կգնահատվի բոլորի կողմից: Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը», - գրել է Վիգեն Սարգսյանը։