Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը քրգործով մեղադրյալ է. Aysor.am
Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով անցնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձ։ Aysor.am-ին հաջողվել է պարզել, որ խոսքը Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանի մասին է։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքվել է «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիրը՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով օգտագործելու և պայմանագրում ամրագրված ժամանակահատվածում 122.348 մլրդ ՀՀ դրամ երկաթուղային ենթակառուցվածքներում և 52.209 միլիարդ ՀՀ դրամ շարժակազմում ներդրումներ կատարելու վերաբերյալ:
Հիշյալ պայմանագրի 14-1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պայմանագրի գործողության ընթացքում լիազոր մարմնին՝ նախարարությանը, իրավունք է վերապահվել տարին մեկ անգամ իրականացնել ուսումնասիրություններ` պարզելու պայմանագրի պայմանների և օրենսդրության պահանջների կատարման ընթացքը՝ առնվազն 15 աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով կոնցեսիոներին:
Այդ նպատակով նախարարության և աուդիոտարական ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար աուդիտորական ծառայությունների մատուցման պետական գնման» պայմանագիր՝ 40.020.000 ՀՀ դրամ արժեքով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում ֆինանսական և տեխնիկական աուդիտ իրականացնելու նպատակով։
Աուդիտի արդյունքում կազմվել և 2015թ. փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություն ու նախարարություն է ներկայացվել 2008-2013 թվականների՝ ընկերության ծավալած գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը, ով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից չստանալով աուդիտորական եզրակացությամբ արձանագրված չարաշահումների և դրանք վերացնելու վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ և առաջարկություններ, խմբային շահերից ելնելով, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումները, ներդրումների գործընթացում Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքների՝ այսինքն ներդրումային գործընթացում կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։
Արդյունքում, ըստ աղբյուրի, ներդրումային միջոցներից հափշտակվել է 428 միլիոն ՀՀ դրամ, գործուն միջոցներ չեն ձեռնարկվել՝ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ՝ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի՝ նախարարի տեղակալի կողմից իր պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։ Այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում