Փաշինյանը դավաճան է, հող հանձնելու պայմանավորվածություններ ունի․ Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները Երևանում և ՀՀ-ում իշխանափոխություն էին, մինչդեռ կեղծիքի միջոցով օգտագործում են հեղափոխություն անունը: Փոստանջյանը հայտարարեց՝ թեև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցությունների սեղանի շուրջ չենք նստելու, բայց իրականում բանակցում է առանց Արցախի. «Այդ մասին մենք իմացանք, երբ, իբրև թե, վերելակում հանդիպում ունեցավ Իլհամ Ալիևի հետ և ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Սա անթույլատրելի է, որովհետև 2016 թվականից հետո, այն, ինչ նախկինները բանակցել են, պետք էր ամբողջը մի կողմ թողնել, և ընդհանրապես, դրանց չանդրադառնալ, ու ամեն ինչ սկսել նոր էջից, ներկայացնել արդեն մեր պահանջները. Քանի որ մենք արդեն բավականին զիջումների գնացել ենք, մենք էլ ունենք փախստականներ, տարածքների կորուստներ: Բանակցությունները պետք է վերսկսվեին այս համատեքստում, մինչդեռ մենք տեսնում ենք նույն վարքագիծը»: Նրա խոսքով՝ Փաշինյանն ի սկզբանե ունեցել է հող հանձնելու պայմանավորվածություններ. «Այս անձը, ով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, կարծում եմ՝ նախապես արդեն իսկ ուներ պայմանավորվածություններ հող հանձնելու վերաբերյալ, և ես նրան մեղադրում եմ դրա համար: Նախորդին էլ էի մեղադրել, հիմա էլ իրեն եմ մեղադրում պետական դավաճանության մեջ, և այս մարդը, ով մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, այդ ժամանակ նա նույնպես նրան մեղադրում էր պետական դավաճանության մեջ, մինչդեռ այս պահին, այդ մասով նա լռել է. սրանք նույն ծրագիրն են սպսարկում։ Նախիջևանի հատվածում այս 7 ամիսների ընթացքում մեր սահմանին ադրբեջանցիները մոտեցել են շուրջ 500 մետր, իսկ նախկինում դա եղել է 5000 մետր: Ահավոր վտանգավոր գործողություն է կատարվել և, այո, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ»:

Քաղաքականություն