Ինչպե՞ս արձագանքեցին ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը նախնական արդյունքներին
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերն ընդունել են դրանց նախնական արդյունքները: tert.am-ը ներկայացնում է նրանց արձագանքները.
884 849 քվե կամ ձայների ընդհանուր թվի 70.44%-ը ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջի ուղի եթերում դիմելով քաղաքացիներին, նշել է, որ երեկ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան:
«Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և համարում եմ, որ սա Հայաստանի աննախադեպ նվաճումն է, ՀՀ քաղաքացիների կարևորագույն նվաճումն է»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք վստահության քվե տվեցին իրենց:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ ընտրության արդյունքների, հավաքելով 103 824 քվե կամ ընդհանուրի 8.27%-ը, խորհրդարանում երկրորդ ուժն է լինելու: Կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել և շնորհավորել է նաև խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
«Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը հաղթահարել է անցողիկ շեմը և ստացել 80 024 ձայն կամ ընդհանուրի 6.37%-ը, հայտարարության մեջ նշել է, որ կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և երախտագիտություն հայտնում կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։
«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ստացել է 59 068 ձայն՝ ընտրողների 4.70%-ի քվեն, տարածել է հաղորդագրություն, որտեղ հաջողություն է մաղթել խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:
«Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել է 48 822 ձայն կամ ընդհանուրի 3.89%-ը: Կուսակցությունը հաղորդագրության մեջ նշել է, որ ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»,- ասված է հայտարարության մեջ:
25 174 քվե կամ ընտրողների 2.00%-ի ձայնը ստացած «Մենք» դաշինքի գնահատմամբ` վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չեն ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:
«Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ»,- ասված է «Մենք» դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
4122 ընտրող կամ 0.33% տոկոս ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ շնորհավորում է հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ «Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում մեծամասնություն կազմելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որը ստացել է 22 862 կամ ընտրողների 1.82%-ի քվեն, համարում է, որ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:
«Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը»,- այս մասին ասվում է «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարության մեջ:
12 390 ձայն կամ ընդհանուրի 0.99%-ը ստացած «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս տարածել է հաղորդագրություն և շնորհակալություն հայտնել իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին: «Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- նշված է «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ:
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ստացել է 8533 ձայն՝ ընտրողների 0.68%-ի քվեն. կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կսպասեն վերջնական արդյունքներին, նոր հայտարարություն կտարածեն, բայց ամեն դեպքում նշեց, որ ընդունում են ընտրության արդյունքները:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ստացել էր 6460 ձայն կամ 0.51%. կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը նշեց, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վաղը հանդես կգան հայտարարությամբ: