14 միլիոնը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ․Փաշինյանը` Արամ Հարությունյանի մասին
Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է, որը կասկածվում է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ, և սա ապացույցն է այն բանի, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լինելու ենք հետեւողական, այս գործի օրինակով ներկայացնում ենք, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը երկար տեւում: Այս մասին այսօր արարատցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատախազության այն միջնորդությանը, որով նախատեսվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին զրկել անձեռնմխելիությունից:
«Այս գործի վերաբերյալ քաղաքացին հաղորդում տվել է 4 ամիս առաջ. այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով եւ գործը չէր կարող շարունակվել, քանի դեռ այդ բանկերից մեկից պատասխան չէր ստացվել ԱԳՆ-ի ուղարկած հարցմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ փաստաթղթի պատճառով քննչական մարմինները սպասել են 4-5 ամիս, թեեւ բուն գործի համար անհրաժեշտ է եղել մոտ 10 օր: «Քննչական մարմիններն այդ փաստաթղթերը ոչ պաշտոնապես ունեին, բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէ, չի կարող որեւէ մեկին որեւէ մեղադրանք առաջադրել»:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մտավախություն կա, որ վաղն ԱԺ-ում քվորում չի լինելու: «Կարող է այդպիսի բան լինել, որովհետեւ Արամ Հարությունյանի խմբակցությունը խորհրդարանի մեծամասնությունն է եւ նրանք կարող են բոյկոտել, չներկայանալ կամ չքվեարկել: Ես հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները կներկայանան Ազգային ժողով եւ կմասնակցեն այդ հարցի քննությանը, համենայնդեպս մեր կուսակցությունը ներկայացողները կգրանցվեն: Ես հույս ունեմ, որ բոլորը կմասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարին, բայց եթե չգան, ապա մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա»: