ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա հարձակումը
Հունվարի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Անհայտ անձը հարձակվել էր Ալեք Մանուկյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա։ Դրամարկղից վերցրել էր 800 հազար դրամ ու փախուստի դիմել։ Կինը, բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց։ Մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրեց, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։ Ոստիկանության մի քանի ստորաբաժանման ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում հունվարի 30-ի առավոտյան, մայրաքաղաքի Շիրակի փողոցում, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Երևանի բնակիչ, 27-ամյա Արտակ Աբրահամյանն էր։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց հափշտակված գումարի մի մասը։ Հայտնաբերված դրամն առգրավվել է, Արտակ Աբրահամյանը՝ ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Քաղաքականություն