Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է Իրանից ավելի շատ գազ ստանալ. Խուդաթյան

Հայաստանը պատրաստ է Իրանից ավելի շատ գազ ստանալ. Խուդաթյան

Հայաստանն աջակցում է Իրանից բնական գազի մատակարարումների ծավալների մեծացման նախաձեռնությանը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ամփոփելով Իրան կատարած եռօրյա այցի արդյունքները։


Նրա խոսքով՝ կողմերը բանավոր համաձայնության են եկել ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող ծրագիրը։ Այժմ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն տեխնիկական և կազմակերպչական հարցերը։



Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանն ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու պահանջ, իսկ Իրանը՝ ավելի շատ հայկական էլեկտրաէներգիա ստանալու հետաքրքրվածություն։ Նա ընդգծել է, որ գործող գազատարի թողունակությունը թույլ է տալիս առնվազն կրկնապատկել ներկայիս մատակարարումների ծավալը։



Նախարարի խոսքով՝ եթե ավարտվի Հայաստան-Իրան 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, Հայաստանը կկարողանա Իրան արտահանել ավելի շատ էլեկտրաէներգիա և դրա դիմաց ստանալ ավելի մեծ ծավալով գազ։



«Ազատությունը» հիշեցնում է, որ Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է գրեթե 20 տարի առաջ և տարեկան կարող է տեղափոխել ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Սակայն տարիներ շարունակ այն օգտագործվել է իր հնարավորությունների միայն փոքր մասով։ Անցած տարի Հայաստանի ներմուծած իրանական գազի ծավալը կազմել է շուրջ 480 միլիոն խորանարդ մետր։



Ներկայում գործող ծրագրով Իրանից ստացվող գազն օգտագործվում է Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն այնուհետև արտահանվում է Իրան։ Այսինքն՝ այդ գազն անմիջապես չի մատակարարվում հայաստանյան սպառողներին։



Խուդաթյանը հույս է հայտնել, որ երկար տարիներ ձգձգվող 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ այդ հարցում համապատասխան հավաստիացումներ են ստացել ինչպես կապալառու ընկերությունից, այնպես էլ իրանական կողմից։



Իրանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնման մասին հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ռուսաստանից զգուշացումներ են եղել Հայաստանի համար գազի գնի հնարավոր վերանայման վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարցը քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ներկայում Ռուսաստանը Հայաստանին գազը մատակարարում է 1000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, մինչդեռ եվրոպական շուկայում նույն ծավալի գինը շուրջ 600 դոլար է։



Հարցին, թե արդյոք Իրանից գազի ներմուծման ավելացումը նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի հնարավոր տնտեսական կամ գազային ճնշումների ազդեցությունը, Դավիթ Խուդաթյանը պատասխանել է, որ երկու գործընթացների միջև կապ չկա։



«Սա Ռուսաստանի Դաշնության հետ կապ չունեցող որոշում է։ Սա տնտեսական, փոխշահավետ համագործակցություն է, որը երկուստեք հետաքրքրություն ունենք ընդլայնելու»,- ասել է նախարարը։



«Ազատությունը» նշում է նաև, որ Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը 2015 թվականից գտնվում է ռուսական «Գազպրոմի» վերահսկողության ներքո։ Փորձագետների գնահատմամբ՝ դա կարող է ազդել իրանական գազի մատակարարումների ծավալների ավելացման վրա։ Սակայն Խուդաթյանի խոսքով՝ գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում որևէ սահմանափակում չկա, և գազատարն արդեն տարիներ շարունակ անխափան օգտագործվում է։



Բացի էներգետիկ համագործակցությունից, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են նաև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը։ Նախարարի խոսքով՝ գործող կամուրջն այլևս բավարար թողունակություն չունի, իսկ նոր կամրջի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին և ավարտել մոտ երեք տարվա ընթացքում։ Ըստ Խուդաթյանի՝ նախագիծը կխթանի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը և կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը։


Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250