Առողջության համընդհանուր ապահովագրությունից ամենաշատը օգտվել են երևանցիները. FIP.am
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում օգտվել է շուրջ 862 հազար մարդ։ Համակարգի շրջանակում իրականացվել է ավելի քան 1,3 միլիոն ապահովագրական ծառայություն, իսկ պետության կողմից հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 59,1 միլիարդ դրամ։
Այս տվյալները ներկայացնում է «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am)՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից ստացած վիճակագրության հիման վրա։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել շահառու խմբերի համար բժշկական ծառայությունների և դեղերի ամբողջական կամ մասնակի ֆինանսական փոխհատուցում՝ բարձրացնելով բուժօգնության հասանելիությունը։
Որտե՞ղ են ամենաշատը օգտվել ապահովագրությունից
Վիճակագրության համաձայն՝ ապահովագրական համակարգից օգտվողների մեծ մասը գրանցված է Երևանում։
Առաջին տեղում մայրաքաղաքն է՝ շուրջ 545 հազար շահառուով, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 63 տոկոսը։
Հաջորդում են՝
Արմավիրի մարզը՝ շուրջ 48 հազար շահառու կամ 5,6 տոկոս,
Լոռու մարզը՝ շուրջ 43 հազար շահառու կամ 5 տոկոս։
Ապրիլին գրանցվել է ամենամեծ ակտիվությունը
Համակարգի գործարկումից հետո ապահովագրական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը գրանցվել է ապրիլին։ Այդ ամսվա ընթացքում իրականացվել է շուրջ 330 հազար ապահովագրական դեպք։
Սեռատարիքային խմբերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուժօգնությունից առավել հաճախ օգտվել են 65 և բարձր տարիքի կանայք։
Մինչև 18 տարեկանների շրջանում ամենաշատ ծառայություններ ստացել են տղա երեխաները, իսկ 18-65 տարեկանների խմբում առավել ակտիվ օգտվողները եղել են կանայք։
Ամենաթանկ փոխհատուցված բժշկական ծառայությունը՝ ավելի քան 5 մլն դրամ
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապահովագրության շրջանակում ամենաբարձր արժեք ունեցող փոխհատուցված միջամտությունը եղել է «աորտային անևրիզմա և դիսսեկցիա և փական + ԱԿՇ» ծառայությունը։
Սրտի և գլխավոր զարկերակի բաց վիրահատության արժեքը կազմել է շուրջ 5,3 միլիոն դրամ։
Այսպիսով, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին հինգ ամիսների ընթացքում ավելի քան 862 հազար մարդ ստացել է բժշկական ծառայություններ, իրականացվել է 1,3 միլիոնից ավելի ապահովագրական դեպք, իսկ պետության հատուցումները կազմել են 59,1 միլիարդ դրամ։
Տվյալները ցույց են տալիս, որ համակարգի հիմնական օգտվողները եղել են Երևանում բնակվող քաղաքացիները և բարձր տարիքային խմբերը։