Ռուսաստանը պատմական ծավալներով բենզին է ներմուծում Բելառուսից
Ռուսաստանը պատմականորեն ամենաբարձր ցուցանիշի է հասցրել Բելառուսից վառելիքի ներկրումը՝ Հեռավոր Արևելքից մինչև Կալինինգրադ տարածաշրջաններն ընդգրկած ներքին դեֆիցիտը լրացնելու նպատակով։
Հունիս ամսին բելառուսական նավթավերամշակման գործարաններից Ռուսաստան ավտոբենզինի առաքումները գերազանցել են 181 հազար տոննան, ինչը երեք անգամ ավելի է մայիսյան ցուցանիշից (77 հազար տոննա)․ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոլորտի սեփական աղբյուրներին։ Տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ Բելառուսից բենզինի ձեռքբերումներն աճել են 20 անգամ՝ կազմելով 453 հազար տոննա։
Բելառուսական դիզելային վառելիքի ներկրումը հունվար-հունիս ամիսներին հնգապատկվել է՝ հասնելով 256 հազար տոննայի։ Բացի այդ, նախորդ ամսում Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 16 հազար տոննա բելառուսական ավիավառելիք, ինչը ևս երեք անգամ գերազանցում է մայիսի ծավալները։
Բելառուսն ունի տարեկան 24 մլն տոննա ընդհանուր հզորությամբ երկու նավթավերամշակման գործարան և ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել լրացնելու ռուսական նավթավերամշակման գործարանների կորցրած կարողությունները։ Վերջիններս տարեսկզբից բազմիցս ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, ինչի պատճառով ստիպված են եղել վերամշակման ծավալները հասցնել 2000-ականների սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։
Այդուհանդերձ, բելառուսական բենզինը նկատելիորեն թանկ է ռուսականից․ Reuters-ի տեղեկություններով՝ Աի-92 տեսակի մեկ տոննան արժե շուրջ 111 հազար ռուբլի, իսկ Աի-95-ի մեկ տոննան՝ 124 հազար ռուբլի։ Համեմատության համար՝ Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային բորսայի հուլիսի 9-ի տվյալներով մեծածախ գները համապատասխանաբար կազմում են 70,1 հազար և 76,2 հազար ռուբլի։
Տնտեսագետ Կիրիլ Ռոդիոնովի դիտարկմամբ՝ Բելառուսից կատարվող առաքումները հազիվ թե կարողանան փոխել ռուսական վառելիքի շուկայի հավասարակշռությունը։ Բելառուսական նավթավերամշակման գործարանները տարեկան արտադրում են մոտ 3,5 մլն տոննա բենզին, ինչն ավելի քիչ է, քան միայն Օմսկի նավթավերամշակման գործարանի արտադրանքը (5 մլն տոննա)։ Դեպի արտահանում Բելառուսն ուղղում է տարեկան մոտ 2,3 մլն տոննա, ինչը պակաս է Ռուսաստանի մեկ ամսվա սպառման ծավալից, նշում է Ռոդիոնովը։
Ընդհանուր առմամբ, ռուսական իշխանությունները ծրագրում են արտերկրից ամեն ամիս գնել 400 հազար տոննա բենզին։ Բացի Բելառուսից, գնումներ են սկսվել նաև Հնդկաստանից, որն Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո դարձել է ռուսական նավթի ծովային խմբաքանակների ամենախոշոր գնորդը։ Reuters-ի տվյալներով՝ հունիսին ՌԴ նավահանգիստներ կհասնեն հնդկական բենզինի առաջին խմբաքանակները՝ 60-ից 80 հազար տոննա ծավալով։