ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արարատցեմենտի» աշխատակիցները բացեցին գործարանի դարպասները
«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիայի ընթացքում բացել են գործարանի դարպասները և ներս մտել՝ աշխատանքը շարունակելու նպատակով։
Աշխատակիցները հայտարարել են, որ եթե կառավարությունը ցանկանում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակել, կարող է դա անել, սակայն այդ գործընթացի հետևանքով իրենք չպետք է զրկվեն աշխատելու հնարավորությունից և չպետք է տուժեն։
Գործարանի աշխատակիցները նշել են, որ արդեն չորրորդ օրն է՝ դարպասները կապարակնքված են, և իրենք փաստացի գտնվում են հարկադիր պարապուրդում։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող մի շարք օբյեկտներում։ Խուզարկություններից հետո, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի տարածքի մուտքերը կապարակնքվել էին։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իշխանությունները պետք է հաշվի առնեն գործարանի աշխատակիցների վիճակը։
«Կառավարության վերջը չի, որ մի հատ գա տենա՝ էս 1300 աշխատողները, բանվորները ինչով են վաղը մեծացնելու իրենց երեխեքին, ոնց են կերակրելու։ Հո մենակ փակելով չի»,- ասել է նա։
Աշխատակիցների խոսքով՝ գործարանի տարածք քննիչներ են այցելում, սակայն իրենց հարցերին պատասխաններ չեն տալիս։
Գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը մոտեցել է ցուցարարներին և հայտնել, որ բանակցություններ են ընթանում գործարանի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Նա կոչ է արել աշխատակիցներին սպասել որոշմանը՝ նշելով, որ մի քանի ժամվա ընթացքում նրանք կտեղեկանան հետագա քայլերի մասին։