Անահիտ Ավանեսյանի անդրադարձը առողջության ապահովագրության ներդրմանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ առողջության ապահովագրության երեք տասնամյակ ձգձվող հավակնոտ ծրագիրն իրականություն է դարձել բժիշկների, առողջապահական կազմակերպիչների և բուժքույրերի ու մայրապետների համատեղ ջանքերով։
«Առողջության ապահովագրության հավակնոտ, 3 տասնամյակ ձգձվող ծրագիրն իրականություն դարձավ մեր բոլորիս` բժշկից, առողջապահական կազմակերպչից մինչև բուժքույր մայրապետ, համատեղ ջանքի շնորհիվ: Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ»,- ողջունելով ներկաներին՝ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին՝ գերատեսչության ղեկավարն ընդգծել է համակարգի կուռ ու միասնական լինելը, ինչը մարտահրավերներին դիմակայելու և ձեռքբերումներ գրանցելու ամուր հիմք է դառնում։
Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև ենթակառուցվածքների շարունակական զարգացման, վերազինման, լիցենզավորման գործընթացի և բուժաշխատողների համար լավագույն պայմանների ապահովման մասին՝ դրանք անվանելով նախարարության առաջնահերթ ուղղություններից։
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններից Գավառ ժամանած բուժաշխատողներն ու հյուրերը շրջել են տեղի բժշկական կենտրոնում, որը, մյուս մարզային բուժկենտրոնների նման, համալրվում է նորագույն բուժսարքավորումներով, պրոֆեսիոնալ մասնագետներով, ինչպես նաև այստեղ շարունակաբար ներդրվում են նոր ծրագրեր։
Նախարարը կարևորել է նման միջոցառումներին մարզային նշանակություն տալը՝ հավելելով, որ Բուժաշխատողի օրը մարզերում տոնելն արդեն ավանդույթ է դարձել. նախորդ տարի այն նշվել է Գյումրիում, իսկ այժմ՝ Գավառում։