Քաղաքականություն

«Դոսյե». Միշուստինի քույրը «Գազպրոմբանկում» 12 մլրդ ռուբլու ավանդ է ունեցել։

«Դոսյե». Միշուստինի քույրը «Գազպրոմբանկում» 12 մլրդ ռուբլու ավանդ է ունեցել։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի քույրը՝ Նատալիա Ստենինան, 2022 թվականին «Գազպրոմբանկում» 12 միլիարդ ռուբլու ավանդ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Դոսյե» հետաքննական կենտրոնը՝ հղում անելով լրագրողների ուսումնասիրած արտահոսած տվյալներին։

Ըստ հրապարակման՝ միայն ավանդի տոկոսներից Ստենինան ստացել է մոտ 1 միլիարդ ռուբլու եկամուտ։ Մեկ տարի առաջ նույն բանկում նրա հաշվին եղել է 6 միլիարդ ռուբլի։

Պաշտոնական տվյալներով՝ Ստենինան 2017 թվականից աշխատում է որպես «Տեկադոմ» ընկերության գովազդի տնօրեն, որը մտնում է գործարար Էմին Աղալարովի խմբի մեջ։ Արտահոսած տվյալների համաձայն՝ նա այդ աշխատանքի համար ամսական ստացել է 25-60 հազար ռուբլի աշխատավարձ։ «Դոսյե»-ն նշում է, որ նման եկամուտներով 12 միլիարդ ռուբլի կուտակելու համար նրան կպահանջվեր մոտ 15 հազար տարի։

2013-2015 թվականներին Ստենինան նաև 10,1 միլիոն դոլար է ստացել UFG մասնավոր խմբից, որտեղ Միշուստինը պետական ծառայությունից հեռու գտնվելու ընթացքում եղել է գործընկեր։ Սակայն այդ գումարը ևս տասնյակ անգամներ պակաս է եղել բանկային ավանդի չափից։

«Դոսյե»-ն հիշեցնում է, որ Ստենինան 2008-2020 թվականներին ամուսնացած է եղել գործարար Ալեքսանդր Ուդոդովի հետ, որը կապվում է Միշուստինի հետ։ Լրագրողների կարծիքով՝ այդ ամուսնությունը, հավանաբար, ձևական բնույթ է կրել։

Հետաքննության հեղինակների տվյալներով՝ նույնիսկ պաշտոնական ամուսնալուծությունից հետո Ստենինան շարունակել է ապրել իր առաջին ամուսնու՝ Սերգեյ Ստենինի հետ, որը նրա երկու երեխաների հայրն է։ Ըստ արտահոսած տեղեկությունների՝ Ստենինը օգտվել է այն ավտոմեքենաներից, որոնք պաշտոնապես գրանցված են եղել նախկին կնոջ և նախկին զոքանչի անունով, ինչպես նաև գրանցված է եղել նույն բնակարաններում, որտեղ Նատալիա Ստենինան։

Ստենինների որդի Միխայիլը սոցիալական ցանցերում հրապարակել է ծնողների համատեղ լուսանկարներ, որոնք արվել են 2013 թվականին։ Այդ ժամանակ Ստենինան արդեն հինգ տարի ամուսնացած էր Ուդոդովի հետ։ Ներկայումս նրա էջը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում փակ է։

Ուդոդովի նախկին բիզնես գործընկեր Կիրիլ Կաչուրը «Դոսյե»-ին հայտնել է, որ երբևէ չի տեսել Ուդոդովին Նատալիա Ստենինայի հետ։ Նրա խոսքով՝ Ուդոդովը ամուսնության ընթացքում մշտապես եղել է այլ կանանց շրջապատում։

«Եթե մարդն իսկապես ամուսնացած լիներ, նման կերպ բացահայտ չէր պահի իրեն», – նշել է Կաչուրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250