ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդական իրավունքի վերականգնման կարգը փոխվում է. նախագիծը ԱԺ-ում է
ՆԳ նախրարա Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Քաղաքացիները բավական երկար ժամանակահատված անընդհատ բարձրաձայնել են այս հարցը, խնդրել դիտարկել մոդելի փոփոխությունը, և այդ թվում քննարկում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվել առաջարկել հնարավորինս բալանսավորված լուծում:
«Այս պահի դրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական և գործնական քննությունները հանձնելու պայմաններում: Միջազգային պրակտիկայում տարբեր օրինակներ կան, այդ թվում՝ վարորդական իրավունքից զրկված անձանց համար վերապատրաստումներ կազմակերպելու օրինակը, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջան տրամադրելու հնարավորությունը, ակոպականների տեղադրման հետ կապված տարբեր լուծումներ և այլն:
Քննարկումներում կանգ են առել հետևյալ մոդելային լուծման վրա՝ զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո, որը որպես կանոն 1 տարի է, իսկ բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը պիտի վճարի պետական տուրք՝ 50000 դրամի չափով։ Այնուհետև անձի համար սահմանվում է 1 տարի ժամկետով փորձաշրջան, որի շրջանակներում տրվում է 6 բալային միավոր: Փորձաշրջանի ընթացքում տրամադրվում են սահմանափակ բալային միավորներ, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է և կարող է վերադառնալ տրամաբանական երթևեկության շրջանակ: Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, ապա հաջորդ տարվա կտրվածքով անձի համար վերականգնվում է 13 բալի հնարավորությունը։ Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է կրկնակի զրկում, անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից, իսկ հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ արդեն տեսական և գործնական քննությունների պարտադիր վերահանման ճանապարհով, որովհետև այդ դեպքում արդեն ավելի խորը խնդիր կա անձի գիտելիքների և հմտությունների հետ կապված։
Նախագիծն ունի անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկված անձանց, որոնք կկարողանան դիմել և վերականգնել իրենց վարորդական իրավունքը։ Ընդ որում, կարող է լինել 2 հնարավոր իրավիճակ. եթե օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում արդեն զրկման ժամկետը՝ 1 տարին ավարտվել է, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հենց հաջորդ օրը կարող են դիմել, վճարել պետական տուրք և ստանալ փորձաշրջան՝ 6 բալային միավորների տրամաբանության մեջ։ Իսկ եթե դեռ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կա որոշակի ժամանակահատված մինչև 1 տարվա սպառվելը, ապա սպասվում է մինչև 1 տարին սպառվի, անձը վճարում է պետական տուրքը և կրկին կարողանում է վերադառնալ փորձաշրջանի ռեժիմին՝ տրվելով 6 բալային միավոր: Եթե փորձաշրջանի ընթացքում սպառվում է 6 բալը կամ անձը զրկվում է, ապա կրկին վերադարձ է կատարվում տեսական և գործնական քննությունների ձևաչափին։
Սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից վարչարարության հետևանքով զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնմանը: Այսինքն՝ չի վերաբերում օտարերկրյա պետությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից զրկման իրավիճակներին, ինչպես նաև այն դեպքերին, երբ անձը զրկվել է իրավունքից, այսինքն՝ իրավունքը դադարել է, եթե կա առողջական որևէ խնդիր, որը թույլ չի տալիս օգտվել վարորդական իրավունքից»,- ասել է Սարգսյանը: