Քաղաքականություն

Շվեյցարիան կարող է ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Շվեյցարիան կարող է ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինը։ Ռուս դիվանագետի խոսքով՝ ժողովրդական նախաձեռնության հաջողության դեպքում էլ պաշտոնական Բեռնը խաղաքարտեր կունենա հակառուսական կուրսը պահպանելու համար․ նրանք կարող են սահմանափակումները թողնել ուժի մեջ՝ դրանք ներկայացնելով որպես համադաշնության տարածքով պատժամիջոցների շրջանցման դեմ ուղղված քայլեր, ինչպես վարվեցին 2014 թվականի իրադարձություններից հետո։ 


Դեսպանը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է չեզոքության հարցի շուրջ շվեյցարական հասարակության մեջ ընթացող քննարկումներին, և ընդգծել, որ ամենևին էլ ոչ բոլորն են կիսում «ճկուն» չեզոքության վերաբերյալ Շվեյցարիայի դիվանագիտական մոտեցումը։ Այդուհանդերձ, Գարմոնինը կարծում է, որ հաղթանակի դեպքում իշխանությունները սեփական քաղաքացիներից հստակ ազդակ կստանան, և սպասվող հանրաքվեն, ըստ էության, երկրի արտաքին քաղաքական ուղու նկատմամբ շվեյցարացիների վստահության քվեն է։

Շվեյցարիան սեպտեմբերի 27-ին հանրաքվե կանցկացնի «Չեզոքության մասին» ժողովրդական օրենսդրական նախաձեռնության շուրջ, որը նախատեսում է սահմանադրությամբ ամրագրել հավերժ զինված չեզոքության սկզբունքը և արգելել ցանկացած պատժամիջոցի կիրառում, բացառությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատվածների։ 


2022 թվականի նոյեմբերին մեկնարկած նախաձեռնության պատճառն այն էր, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Շվեյցարիան, Եվրամիության օրինակով, միացել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Հեղինակների կարծիքով՝ այս քայլով իշխանությունները շեղվել են չեզոքության սկզբունքից և վտանգել երկրի ու ժողովրդի անվտանգությունը։ Կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը, սակայն, հորդորել են մերժել նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ երկրին անհրաժեշտ է «ճկուն չեզոքություն»՝ արտաքին քաղաքական մարտահրավերներին արագ արձագանքելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250