Քաղաքականություն

Ռուսաստանի կոշտ ազդակները՝ Երևանին․ ինչ սցենարներ են սպասվում հայ-ռուսական հարաբերություններում

Ռուսաստանի կոշտ ազդակները՝ Երևանին․ ինչ սցենարներ են սպասվում հայ-ռուսական հարաբերություններում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները հերթական անգամ ուշադրության կենտրոնում են պահել հայ-ռուսական հարաբերությունների ապագան։ Լավրովը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված հարցը հրատապ է և պետք է լուծվի բավականին արագ։ Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությանը՝ ընդգծելով, որ Երևանը, պահպանելով անդամի կարգավիճակ, չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին, մինչդեռ կառույցում քննարկվում են անդամավճարների չվճարման և Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցության ընդլայնման հարցերը։


Այս հայտարարությունները հնչում են ընտրություններից հետո՝ այն ֆոնին, երբ Մոսկվայից առայժմ չեն հնչել ո՛չ շնորհավորանքներ, ո՛չ էլ բացահայտ աջակցություն Հայաստանի իշխանություններին։ Ի՞նչ կարող ենք սպասել հետընտրական շրջանում, ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում կոշտ հայտարարություններ անել Հայաստանի հասցեին, եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չկա, և ի՞նչ քայլերի կարող է դիմել Մոսկվան, եթե Երևանը շարունակի խորացնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։


«Ռուսաստանի նախագահն ասել էր, որ եթե դա լինի հայ ժողովրդի ընտրությունը՝ դեպի ԵՄ գնալը, ուրեմն մենք հարգանքով կվերաբերվենք դրան։ Բայց հիմա փաստը մնում է փաստ, որ այս ընտրությունները ցույց տվեցին նախ աննախադեպ բարձր մասնակցություն, որը նախկինում չէր եղել, և հաջորդը՝ այն, որ իշխանությունը վստահ չէր իր հաղթանակում։ Հակառակ դեպքում՝ այդ ճնշումների և ձայների վերահաշվարկի կարիքը չէր լինի, եթե վստահ լինեին, որ մեր ժողովուրդն ուզում է գնալ ԵՄ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելով։ Պարզ ասած, եթե կեղծիքներով իշխող ուժը վերցնում է սահմանադրական մեծամասնություն ու սկսում է օրենքներ ընդունել՝ ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի լավացնելու ու ՌԴ-ի հետ փչացնելու համար, ուրեմն Ռուսաստանն էլ դա հաշվի կառնի։ Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ մեր իշխանությունն ասում է՝ այսպես թե այնպես մենք գնալու ենք ԵՄ, ու դրա տակ կարող ենք հասկանալ, որ այսպես թե այնպես հարաբերությունները ձեզ հետ սառեցնելու եմ, քանի որ այդ ճանապարհն անխուսափելիորեն դրան է բերելու։ Հետևաբար՝ ՌԴ-ն էլ ասում է, որ եթե դուք գնում եք ԵՄ, ապա ինչո՞ւ այդ ճանապարհին օգտվեք մեր կողմից տրամադրված արտոնություններից։ Գնացեք ուրեմն, թող ֆրանսիացիները գան, անվտանգությունն ապահովեն, սահմանը պահեն, ԵՄ-ն թող շուկան բացի, ձեր ապրանքները վաճառվեն, ու նաև թող ձեր քաղաքացիների համար ԵՄ-ում ապահովվեն այն նույն հնարավորությունները աշխատելու համար, ինչ Ռուսաստանում ունեին»,- ասել է Այվազյանը։


Անդրադառնալով հարցին՝ եթե վերջնական արդյունքներով ոչինչ չփոխվի ու Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել երկիրը, ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, Հայկ Այվազյանն ասաց, որ իրավիճակի էական փոփոխություն չի ակնկալում։


«Ես կարծում եմ, որ ոչ մի բան չի փոխվի, որովհետև այս ամենը չի արվել, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվի։ Սա մեծ պատերազմ է ՌԴ-ի և Արևմուտքի միջև, ու այդ պատերազմը թեժ է, անզիջում։ Կենաց-մահու պատերազմ է գնում, ու պարզ է, որ պատերազմի կեսից ոչ մեկը հետ չի կանգնելու, և բոլորն էլ գնալու են դեպի հաղթանակ»,- նշել է նա։


Քաղաքագետը հիշեցնում է, որ հունիսի 1-ին Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, իսկ Փաշինյանը դրանից հետո հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են, և երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերը շարունակում են պահպանել բարեկամական բնույթը։ Սակայն, ըստ Այվազյանի, Մոսկվայի գործողությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։


«Օրինակ՝ Ուկրաինայի դեպքում Պուտինը ութ տարի համբերեց։ Նույնիսկ Զելենսկու ընտրվելուց հետո նա չասաց՝ քանի որ նա է ընտրվել, ես իր հետ ոչ մի բան չեմ քննարկելու։ Պուտինը փորձում էր Զելենսկուն ճանապարհ տալ վիճակը ուղղելու համար։ Նա լավ հասկանում էր, որ Զելենսկուն տանում են նրան, որ ինքն Ուկրաինան տանի պատերազմի՝ ՌԴ-ի դեմ։ Բայց քանի որ տեսնում էր մի քանի շանս, որ կարող է հետ պահել Զելենսկուն այդ ճանապարհից, ինքն օգտագործում էր դրանք։ Այնպես չէ, որ ՌԴ-ն արհեստականորեն վերցնելու ու սկսելու է ուղղակի կտրուկ քայլեր անել։ Ինքը ելնելու է իր շահերից, ու հիմա իր քայլերը պայմանավորված են լինելու ՀՀ-ի քայլերով»,- պնդել է քաղաքագետը։
 


Խոսելով առաջիկա տարիներին հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին՝ Այվազյանը համոզված է, որ գործող իշխանությունը չի փոխելու իր արտաքին քաղաքական ուղղությունը։
 

«Ես վստահ եմ, որ այս իշխանությունը կանգ չի առնելու և չի էլ կարող կանգ առնել։ Եթե մինչև վերջերս կայացած ԵՄ գագաթնաժողովը Փաշինյանն ինչ-որ մանևրելու չնչին հնարավորություններ ուներ, ապա անցած տարվա օգոստոսի 8-ի փաստաթղթով, ԵՄ գագաթնաժողովին Զելենսկուն հրավիրելով, այդ բոլոր հնարավորությունները փակեց։ Հիմա Արևմուտքը Փաշինյանին սեղմել է անկյուն ու ասում է՝ այսպես պետք է անես, և վերջ, ու նա չի կարող չանել։ Եթե անգամ շատ ուզենա, չի կարող, ու նաև իր շրջապատը թույլ չի տա։ Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և մյուսները իրեն թույլ չեն տա։ Իսկ եթե Արևմուտքը տեսնի, որ Փաշինյանն իրենց ասածը չի անում, շատ արագ կփոխի նրան, ու իր շրջապատում հաստատ մարդիկ կլինեն, որոնք Արևմուտքի համար ավելի թանկ կադր են, քան Փաշինյանը»,- հավելել է Այվազյանը։
 

Ըստ քաղաքագետի՝ նման զարգացումները կարող են նաև ներքաղաքական լարվածության պատճառ դառնալ։
 

«Հաստատ կլինի ներքաղաքական լարվածություն, իրեն կհանեն ու կփոխեն Արմեն Գրիգորյանով, Սիմոնյանով, Ռուբինյանով։ ՌԴ-ն էլ է հասկանում, որ եթե ինքը սրի հարաբերությունները, Արևմուտքը կարող է դրանից օգտվել, Փաշինյանի ձեռքով իր սև գործն անել, հետո Փաշինյանին փոխել իր շրջապատից ուրիշով, որը ՌԴ-ի համար ավելի շատ գլխացավանք կլինի, քան Փաշինյանը»,- եզրափակել է քաղաքագետը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250