Ովքեր դեռ չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին․ ուշագրավ լռություն Մոսկվայից, Անկարայից և Բաքվից
Armlur.am-ը գրում է
Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են տասնյակ երկրների ղեկավարներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից։ Սակայն մի շարք կարևոր դերակատարների կողմից առայժմ հրապարակային շնորհավորանքներ չեն արձանագրվել։
Առաջին հերթին ուշադրության կենտրոնում է Ռուսաստանը։ Չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա բազմաթիվ տնտեսական, քաղաքական և անվտանգային կապերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հրապարակային շնորհավորական ուղերձ չի հղել Նիկոլ Փաշինյանին։
Ավելին, Ռուսաստանի պաշտոնական արձագանքը մինչ այս պահը ներկայացվել է ոչ թե շնորհավորանքի, այլ գնահատականների տեսքով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ընտրություններն անցկացվել են «ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ Եվրամիության միջամտության պայմաններում»։ Նա նաև նշել էր, որ նախնական արդյունքները ցույց են տալիս՝ իշխանությունը չի ստացել «իշխանության մենաշնորհ»։
Ուշագրավ է նաև, որ հրապարակային շնորհավորանք չի հնչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Սա առանձնահատուկ ուշադրության է արժանի՝ հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Երևանն ու Բաքուն ակտիվ բանակցություններ են վարում խաղաղության համաձայնագրի շուրջ։
Առայժմ հրապարակային շնորհավորանք չի արձանագրվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Մինչդեռ վերջին տարիներին ըստ իշխանության քայլերի հայ-թուրքական կարգավորման գործընթացը եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։
Շնորհավորողների ցանկում չեն հայտնվել նաև արաբական աշխարհի մի շարք առանցքային առաջնորդներ։ Մասնավորապես, հրապարակային ուղերձներ չեն արձանագրվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանից, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանից, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիից, որոնց երկրների հետ Հայաստանը վերջին տարիներին ակտիվացրել է քաղաքական և տնտեսական համագործակցությունը։
Հրապարակային շնորհավորանքներ առայժմ չեն արձանագրվել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից։
Այսպիսով, եթե արևմտյան երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչները բավական արագ արձագանքեցին ընտրությունների արդյունքներին, ապա Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների ղեկավարների լռությունը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ»,- ասվում է հոդվածում։