14:00 Լուրերը մեկ տողով. Հանցագործության չհայտնման համար ձերբակալություն. ԿԸՀ-ի թվերը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննիչի որոշմամբ ձերբակալվել է Հովհաննես Սահակյանը՝ նախապատրաստվող հանցագործության մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար։
•ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ արդյունքների վրա ազդող ընտրախախտում չի եղել, սակայն գերճշգրիտ պատկեր ունենալու համար կողմնակից է բոլոր նվազագույն կասկածելի տեղամասերում վերահաշվարկ իրականացնելուն։
•Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արձանագրությունը, ըստ որի՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736 քաղաքացի, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 17,097։
•«Ուժեղ Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 28 պատգամավոր, որոնց ընտրական ցուցակի առաջին հնգյակը գլխավորում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը և Ռուբեն Մխիթարյանը։
•«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, նշել է, որ ժողովուրդը քվեարկել է «քաղաքական անապատի» օգտին, ինչի պատճառով երկրի առջև ծառացած մարտահրավերները չեն լուծվելու։
•Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայ ժողովուրդը չենթարկվեց Վլադիմիր Պուտինի շանտաժին, վերընտրեց Նիկոլ Փաշինյանին և անդառնալի դարձրեց Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք։
•ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կլինի։