Քաղաքականություն

Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել. Ալեն Սիմոնյան

Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի 9-ի 21-րդ ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարել է դստեր ուղեկցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ ընտրության է եկել հանուն իր աղջկա և բոլոր երեխաների՝ ազատ, ապահով ու հարուստ երկրում ապրելու համար: Նա գոհունակություն է հայտնել քարոզարշավի ընթացքից և բացառել հետընտրական զարգացումների հնարավորությունը՝ շեշտելով, որ թույլ չեն տալու որևէ քաղաքական ուժի կեղծիքներով ու կաշառքով քվե ստանալ: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ ընտրություններից հետո բողոքի գործողություններ կամ քաղաքական լարվածություն չեն լինի, քանի որ ընդդիմությունն արդեն գիտակցում է իր պարտությունը և չունի բավարար հանրային աջակցություն:

Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահը պնդել է, որ առանձին քաղաքական ուժեր ընտրակաշառքով փորձում են ազդել արդյունքների վրա: «Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել, բայց ես վստահ եմ, որ իրենք արդեն գիտակցել են, որ շատ ուժեղ պարտվելու են և միասին կարող են իրենք դադարել զբաղվել քաղաքականությամբ։ Ընդամենը 7-8 տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի»,- ասել է նա։

Նա նաև զգուշացրել է, որ ընտրակաշառքի դեպքերին իրավապահները խիստ են արձագանքելու. «Այդ կապիկներին՝ կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու, իրենք գնալու են վանդակ հենց ընտրություններից հետո։ Օրենսդրական նախաձեռնություններն արդեն շրջանառության մեջ են դրված․ ընտրակաշառք տալու և բաժանելու համար նախատեսված պատժաչափերը խստացվելու են։ Այնպես որ, թող շատ վախենան»:

Անդրադառնալով հետընտրական հավանական գործընթացներին՝ ԱԺ նախագահը կրկին բացառել է դրանք՝ նշելով. «Բացառում եմ։ Եթե ընտրությունները ազատ և արդար են, ինչպես 2018 թվականից սկսած տեղի են ունենում, անկախ նրանից, թե ով է հաղթում, նման բան չի կարող լինել։ Դա անհնար է»։ Նրա ձևակերպմամբ՝ ընդդիմությունը, հասկանալով հանդերձ սպասվելիք արդյունքները, շարունակում է խոսել հետընտրական զարգացումներից: «Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անել։ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, նույնիսկ եթե միավորվեն, չեն կարող լուրջ հանրահավաք կազմակերպել»,- հավելել է նա: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացիները կատարում են գիտակցված ընտրություն, և արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել հետընտրական սցենարներով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250