Նպատակը՝ Իրանի և Հայաստանի միջև լարվածություն ստեղծելն է․ Քոչարյան
Կարծում եմ, որ «TRIPP» նախագիծն ԱՄՆ-ի կողմից շատ ուժեղ քարոզչական քայլ է, որի նպատակն է լարվածություն ստեղծել Իրանի և Հայաստանի միջև, քանի որ դրանից հետո Թեհրանի մոտ անպայման անվստահություն կառաջանա։ Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ սա նաև «հարված» է Ռուսաստանին։
Նա հավելել է, որ Հայաստանը համաձայնել է նախագծին մասնակցության հենց այդպիսի մոդելի։ Քոչարյանն ընդգծել է, որ «TRIPP» նախագիծն այն է, ինչ արդեն իսկ գրված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 9-րդ կետում։
«Հիմա դա անվանել են «TRIPP», հսկայական գովազդային արշավ են սկսել և ճանապարհի 42-կիլոմետրանոց հատվածն ուռճացրել մինչև մոլորակային մասշտաբների։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 100-150 միլիոն դոլարի ներդրում, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինն այս նախագծում կազմում է 26%։ Այսինքն՝ ֆինանսական առումով մեզ համար դա կոպեկներ են։ Ամերիկյան շահեր այստեղ օբյեկտիվորեն չեն երևում, իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը չնչին է»,- նշել է նա։
Հայաստանի երկրորդ նախագահը ենթադրել է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարող է լինել Իրանի և Հայաստանի սահմանին ներկայություն ունենալը՝ հիշեցնելով, որ սահմանակից մյուս բոլոր երկրները հեղեղված են ամերիկյան ռազմաբազաներով։
Նրա գնահատմամբ՝ որպեսզի «TRIPP»-ն աշխատի նաև հօգուտ Հայաստանի, այն պետք է ընդլայնել և հասցնել մինչև Երասխ, իսկ Իրանի արձագանքի ռիսկերը չեզոքացնելու համար կարելի է նախագծում ներգրավել այլ խաղացողների, որոնց Թեհրանը բարեկամաբար է ընկալում։
«Դա կարող է լինել Ռուսաստանը, կարող է լինել Չինաստանը։ Այսինքն՝ ոչ թե հրաժարվել նախագծից և հարվածել ԱՄՆ նախագահի ինքնասիրությանը, այլ կարևոր է, որ այն օգտակար լինի մեզ համար, և կարևոր է հարթել Իրանի ընկալման հետ կապված ռիսկերը։ Ցանկացած ղեկավար պետք է գնահատի ռիսկերը և հասկանա, թե ինչպես չեզոքացնի դրանք»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...