Քաղաքականություն

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող. FIP

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող. FIP

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում, անդրադարձել է  Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարվող բնական գազի գնին՝ հայ ժողովրդին խորհուրդ տալով «լավ մտածել ԵՄ-ն ընտրելուց առաջ»։ 

«Այսօր Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում առանց մաքսատուրքի՝ 150-160 դոլարով 1000 խմ-ի դիմաց։ Իսկ Եվրոպական Միությանը վաճառվող գազի գինը կազմում է 550-650 դոլար՝ վեց անգամ ավելի թանկ։ Սա միայն գազի մասին է, այլ բաների մասին նույնիսկ չեմ խոսում։ Ի՞նչ օգուտ կա այստեղ (00։35-00։55 րոպե)»,- ասել է նա։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները և պարզել, որ բնական գազի վերաբերյալ պնդումները սխալ են ու մոլորեցնող։

Ի՞նչ արժե ռուսական բնական գազը Հայաստանի սահմանին

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեցին գազային ոլորտին վերաբերող համաձայնագրեր, այդ թվում՝ բնական գազի գների ձևավորման կարգի մասին համաձայնագիրը։ Ըստ այդմ,  Հայաստան մատակարարվող բնական գազի գինը սահմանին մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանվեց 189 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։  

Հետագա տարիներին սահմանային գինը փոփոխությունների է ենթարկվել՝ նախ նվազեցվելով մինչև 150 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվելով մինչև 165 դոլար։

2019 թվականից ի վեր ռուսական բնական գազի սահմանային գինը ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի համար պահպանվում է 165 դոլարի մակարդակում՝ 1000 խմ-ի դիմաց, չհաշված պայմանագրով նախատեսված ջերմատվության ցուցանիշով պայմանավորված որոշակի ճշգրտումները։ 

Ի՞նչ արժե ռուսական բնական գազը Եվրոպայի սահմանին

Եվրոպայում բնական գազի գինը շուկայական գործոնների ազդեցությամբ պարբերաբար փոփոխվում է՝ արձանագրելով թե՛ աճ, թե՛ նվազում։ 

Համաշխարհային բանկի (World Bank) տվյալների հիման վրա կազմված IndexMundi վիճակագրական հարթակի տվյալներով՝ 2025 թվականի մայիսին Եվրոպայում ռուսական բնական գազի ներմուծման միջին սահմանային գինը կազմել է մոտ 417 դոլար, 2025 թվականի դեկտեմբերին՝ 340 դոլար, իսկ 2026 թվականի մարտին աճել է մինչև 640 դոլար՝ 1000 խմ-ի հաշվարկով։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հրապարակած տվյալներին, գրել է, որ Եվրոպայում բնական գազի միջին գինը 2026 թվականի մարտին կազմել է 632 դոլար, իսկ ապրիլին՝ 544 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ 

Այսպիսով, Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանին վաճառվող ռուսական գազի գնի մասով ճշգրիտ չէ։ Նրա նշած 150-160 դոլար միջակայքի փոխարեն Հայաստանի համար ռուսական բնական գազի սահմանային պաշտոնական գինը 2019 թվականից ի վեր կազմում է 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ 

Ինչ վերաբերում է ռուսական գազի՝ Եվրոպա մատակարարվող գներին, ապա նրա նշած 550-650 դոլար միջակայքը, թեև համապատասխանում է 2026 թվականի որոշ ամիսներին գրանցված եվրոպական շուկայական գներին, սակայն չի արտացոլում գազի կայուն կամ միջին գինը Եվրոպայում, որը տարբեր ժամանակահատվածներում զգալի տատանումների է ենթարկվում։

Այս համատեքստում սխալ է նաև նրա մյուս պնդումը, թե Եվրոպան ռուսական գազի համար վճարում է շուրջ վեց անգամ ավելի թանկ։ Նույնիսկ 2026 թվականի մարտին գրանցված 632 դոլար կամ Լուկաշենկոյի նշած առավելագույն՝ 650 դոլար ցուցանիշի դեպքում եվրոպական գինը Հայաստանի համար գործող սակագնից բարձր է եղել ոչ թե վեց, այլ առավելագույնը շուրջ 4 անգամ։ 

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի և եվրոպական երկրների համար բնական գազի գները ձևավորվում են տարբեր նախապայմաններով, ուստի դրանց ուղիղ համեմատությունը միշտ չէ, որ արտացոլում է ամբողջական պատկերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250