Լուկաշենկոն կոչ է արել հայերին հաշվարկել՝ ինչ են կորցնում ԵԱՏՄ-ից դուրս գալով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ ԵԱՏՄ հայտարարության մասին։
Բելառուսի նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի դիրքորոշմանը, քանի որ երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ցանկանում է և՛ մնալ ԵԱՏՄ-ում, և՛ միանալ Եվրամիությանը։
Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ այդ թեման քննարկվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի փակ նիստում, և ընդունվել է համապատասխան հայտարարություն։
«Մենք բոլորս արձանագրեցինք, որ չենք ցանկանում, որպեսզի Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ, ինչպես իր ելույթում նշեց Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտինը), մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը։ Ես էլ հավելեցի՝ մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը։ Եթե ժողովուրդը նման որոշում ընդունի և համաձայն լինի դուրս գալ այն միությունից, որտեղ այժմ գտնվում է, և երբևէ միանալ Եվրամիությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին»,- ասել է Բելառուսի նախագահը։
«Այնուհետև հայտարարության մեջ ավելացվեց, որ մենք աջակցում ենք Հայաստանի ղեկավարության ցանկությանը՝ այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»,- շարունակել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ նման հանրաքվեն պետք է անցկացվի ազնիվ, բաց և ժողովրդավարական պայմաններում։ Եթե հայ ժողովուրդը հանդես գա ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին, այդ որոշումը կընդունվի Եվրասիական տնտեսական միության կողմից։
«Սակայն Հայաստանի ղեկավարությունը և հատկապես հայ ժողովուրդը պետք է հասկանան, թե ինչ են ձեռք բերում և ինչ են կորցնում։ Ռուսաստանի նախագահը խոստացել է այդ մասին մանրամասն ներկայացնել ողջ միջազգային հանրությանը, որը կցանկանա լսել։ Նա ևս մեկ անգամ մանրամասն կբացատրի, թե ինչ է նշանակում հրաժարվել Եվրասիական միությունից, որի անդամ է այժմ Հայաստանը, և միանալ Եվրամիությանը»,- նշել է Լուկաշենկոն։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրամիությանը անդամակցելու գործընթացը հաճախ կարող է տևել տասնամյակներ։ Որպես օրինակ նա նշել է Ուկրաինան և Թուրքիան, որը, նրա խոսքով, արդեն 25-30 տարի հերթում է ԵՄ անդամակցության համար։